«Իմ մասին չէ, այն մարդու մասին գրեք, նա մեծ դերասան է…»

09:15, 5 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նրան վաղուց եմ ճանաչել՝ տասնվեց տարեկանում, երբ ընդունվեցի Լենինականի թատրոն: Անմիջապես ընկերը դարձա: Ես երեխա էի, ինքը՝ մեծ մարդ: Մի օր էլ ձեռքս բռնեց, տարավ կանգառ ու ասաց՝ եթե դու տաղանդավոր ես, պիտի գնաս Երեւան ու սովորես: Ո՞նց, զարմացա ես: Տես, գնացքը եկավ, նստի ու գնա: Առանց տոմսի նստեցի գնացք ու եկա թատերական ինստիտուտ…

…Շերենցի կողքին չի կարելի վատ խաղալ, խաղընկերոջը վարակում է իր անմիջականությամբ, պարզությամբ ու անկեղծությամբ: Զարմանում եմ, թե բնությունն ինչպե՞ս է այդպիսին ստեղծել նրան, ի՞նչն է նրա գաղտնիքը: Ինձ թվում է՝ ոչ ոք չգիտի: Պարզությունը քիչ է, անմիջականությունը դարձյալ քիչ է. համաժողովրդական է, համամարդկային…»:

Մհեր ՄԿՐՏՉՅԱՆ

 

Ազատ Շերենց. թատերական ու կինոաշխարհի մարդիկ նրան բնութագրում են որպես մեծ երեխայի, համեմատում բնական թանկարժեք, բայց անմշակ, չհղկված քարի հետ կամ հողից դուրս եկած կոճղարմատի, ընդգծում նրա միամտության հասնող պարզությունն ու անկեղծությունը, նմանեցնում ժողովրդական բանահյուսության հերոսի: Այս ամենը շաղախված է նաեւ Շերենց մարդու եւ դերասանի անսահման բարությամբ, բնականությամբ, անկեցվածք խաղով ու կենսակերպով: Շատերին կարող է թվալ, թե որեւէ հերոսի կերպավորելիս նա խաղում է ինքն իրեն: Սակայն այդպես չէ, եւ հենց սա է նրա դերասանական անբռնազբոս խաղի առավելությունն ու գաղտնիքը, որի շնորհիվ էլ արժանացավ համաժողովրդական ճանաչման ու անխառն սիրո: Մինչդեռ նման վերաբերմունքի սովորաբար արժանանում են գլխավոր կամ կարեւոր դերակատարները՝ եւ բեմում, եւ կինոէկրանին: Ժողովրդականի կոչման չներկայացված Ազատ Շերենցը սակավաթիվ այդ բացառիկներից էր՝ էպիզոդիկ, ոչ կենտրոնական, փոքր դերեր, որոնցում, սակայն, արտացոլվում էին նրա նախանձելի վարպետությունն ու անշփոթելի անհատականությունը, դերասանական որեւէ «շկոլայից» դուրս լինելն ու ընդգծված ինքնատիպությունը:

Թիֆլիսում ծնված ապագա դերասանին որբանոցային մանկություն էր վերապահված Գյումրիում, Ստեփանավանում: Տասնութ տարեկանում գալու էր մայրաքաղաք՝ որպես ցրիչ աշխատելու Քանաքեռի հայկական զորամասում, հետո, չգիտես ինչ հանգամանքների բերումով, նույն գործն էր անելու խորհրդային մեր երկրի կենտկոմում՝ արժանանալով  Աղասի Խանջյանի ուշադրությանը: Երկրի առաջին դեմքի առաջարկով էլ ընդունվելու էր առաջին պետթատրոնին կից՝  Արմեն Գուլակյանի դերասանական ստուդիա, որն ավարտելուց հետո մեկնելու էր Մոսկվա՝ այս անգամ մեծահամբավ Ռուբեն Սիմոնովի ղեկավարած հայկական դրամատիկական ստուդիայում ուսման պակասը լրացնելու: 1937 թվականին կարճ ժամանակով դառնում է Սունդուկյանի անվան  թատրոնի դերասան, որին հաջորդում է շուրջ երեսնամյա դերասանական աշխատանքը Գյումրու պետական դրամատիկական թատրոնում: Ամենատարբեր կերպարների մարմնավորումներ «Եզոպոս», «Կամրջի վրա», «Ժայռը», տասնյակ այլ ներկայացումներում: Նրա այդ դերակատարումներն այսօր այլեւս անցյալում են, չկան, մինչդեռ մեզ հետ է Ազատ Շերենց զարմանալի կինոդերասանը հայկական ամենասիրված շատ ֆիլմերում՝ «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Տղամարդիկ», «Քաոս», «Աշնան արեւ», «Կտոր մը երկինք», «Խնձորի այգին»: Դասական էկրանավորումներ, որոնց արժանիքներին, մեծ կամ փոքր դերակատարումներով, իր արտիստական հմայքն է հաղորդել Ազատ Շերենց համեստագույն, բայց աննախօրինակ դերասանը: Պատահական չէր, որ երբ լրագրողները «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ցուցադրումից հետո մոտենում են Թատերական գործիչների միության դիմացի «Պառնաս» սրճարանում իր գործընկերների հետ նստած Մհեր Մկրտչյանին եւ խնդրում խոսք ասել իր խաղացած դերի, խաղընկերների ու ֆիլմի մասին, տաղանդավոր դերասանը նրանց ուղղորդում է դեպի Շերենցը. «Իմ մասին չէ, այն մարդու մասին գրեք, նա մեծ դերասան է…»:

Ի դեպ, հենց Ազատ Շերենցն է եղել Ֆրունզիկի «կնքահայրը» արվեստում՝ «Եթե տաղանդավոր ես, պիտի գնաս Երեւան սովորելու…»: Հետո նրանց մտերմությունն ավելի էր խորանալու, շարունակվելու մինչեւ իրենց երկրային կյանքի վախճանը: Իսկ կյանքին հրաժեշտ էին տալու ընդամենը օրերի տարբերությամբ. Շերենցի մահը ցնցելու էր Մհեր Մկրտչյանին, որը, թեկուզեւ չափազանց վատառողջ, պատրաստվում էր մասնակցելու իր թանկ ու անփոխարինելի ընկերոջ հուղարկավորությանը: Սակայն դրան նախորդող գիշերը, երբ զանգահարել եւ ասել էր ընկերոջ որդուն, որ թաղմանն անպայման է գալու, դադարում է բաբախել նաեւ իր՝ հազար ու մի կորստյան ցավից մաշված հանճարեղ դերասանի սիրտը… Նրանց, մեր մյուս երեւելիների բացակայությամբ է պայմանավորված այն ամայությունը, որը տարիներ, տասնամյակներ շարունակ տիրում է հայ կինոարվեստում. նրանք նման էին վերջին մոհիկանների՝ ազգայինի խառնվածքով, դիմագծերով, իրենց առաքելությամբ: Խոնարհվում ենք նրանց, նաեւ Ազատ Շերենց անընդօրինակելի դերասանի առջեւ, ում ծննդյան օրն է այսօր:

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


© 2009 ARMENPRESS.am