«Հովեր» երգչախումբն ու կոնսերվատորիայի ուսանողները հանդես կգան Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված համերգով

11:16, 5 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները և «Հովեր» պետական կամերային երգչախումբը խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ հանդես կգան համերգային ծրագրով, որը տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  համերգային երեկոյին, որը տեղի կունենա ապրիլի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորներ Մորիս Ռավելի, Կամիլ Սեն-Սանսի, Ֆրանսիս Պուլենկի, Կլոդ Դեբյուսիի, Ժորժ Բիզեի, Սեզար Ֆրանկի ստեղծագործությունները։

«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կրթամշակութային համագործակցությունը Ֆրանսիայի դեսպանության հետ ունի երկարամյա պատմություն։ Այս տարի ևս կոնսերվատորիան սիրով մասնակցելու է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին՝ ներկայացնելով դաշնամուրային, լարային, անսամբլային և վոկալ ամբիոնների ուսանողների կատարմամբ ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ծրագրում ընդգրկված է ֆրանսիական խմբերգային երաժշտության տարբեր դարաշրջանների ընտրանի»,-նշում է Սոնա Հովհաննիսյանը։

Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա կիրառել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Ֆրանկոֆոնիա բառն առաջացել է ֆրանսերեն բառից:


© 2009 ARMENPRESS.am