Ընդդիմադիր խմբակցությունների հանրահավաքին ներկայացվեց եզրափակիչ բանաձև- հայտարարություն

21:41, 5 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած հանրահավաքը՝ «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» կարգախոսով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմակերպած հանրահավաքի ընթացքում ներկայացվեց եզրափակիչ բանաձև-հայտարարություն, որով ընդդիմությունը սահմանում է «ազգային օրակարգի հիմնարար սկզբունքները, կարմիր գծերը և համաժողովրդական պահանջի էությունը»՝ որպես իր պայքարի ուղենիշ:

Հայտարարությունը ընթերցեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը:

«Հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության հրավիրված հանրահավաքի մասնակիցներս, անկախ մեր քաղաքական և գաղափարաբանական տարբերություններից, վճռականորեն մերժում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը: Խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքներից, այնպես էլ Արցախի տարածքում 2020 թ. նոյեմբերի 9-ի դրությամբ դիրքերին», - մեջբերեց Մկրտչյանը:

Հանրահավաքի մասնակիցները նաև հայտարարում են, որ առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության և Արցախի Հանրապետության անվտանգության և ինքնորոշման իրավունքին վերաբերող մի շարք սկզբունքներով: Ընդդիմությունը պահանջում է առաջին հերթին հաստատել այն սկզբունքը, որ «Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է բոլոր բաղադրիչներով», ինչպես նաև բացառել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի Հանրապետության կազմում, բացառել առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի՝ Արցախի անկլավային վիճակը:

Նշվում է, որ պետք է նաև քայլեր ձեռնարկվեն 1994 թ. ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված ձևաչափով և նպատակներով Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ:

Հանրահավաքի մասնակիցները պահանջում են բացառել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին միջանցքների տրամադրումը, բացառել միջպետական պայմանագրի ստորագրում և սահմանազատման ու սահմանագծման ցանկացած գործընթաց, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում, չստորագրել Ադրբեջանի հետ որևէ պայմանագիր, որը կխափանի Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացումը:

Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններին: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ու իրենց աջակիցները պահանջում են «Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը»:

Հայտարարությունը պարզաբանում է, որ այս օրակարգի առաջադրումը չի նշանակում պատերազմ, այլ՝ հայ ժողովրդի կենսական շահերի հաշվառմամբ իրական, արդար և արժանապատիվ խաղաղություն հաստատելու պատրաստակամություն:

«Այս սկզբունքները բխում են հայ ժողովրդի կենսական շահերից, ուստի ցանկացած իշխանություն պարտավոր է առաջնորդվել այս օրակարգով և ապահովել դրա իրականացումը», - նշված է հայտարարության տեքստում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը իր հերթին հավելեց, որ այսօրվա հանրահավաքը իրենք համարում են մեկնարկ, և ցույցերը շարունակական են լինելու:

Հանրահավաքին ելույթ ունեցան նաև ԱԺ պատգամավորներ Վահե Հակոբյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և Արամ Վարդևանյանը: Ազատության հրապարակի հավաքին ներկա էր նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 5-ին, ժամը 18:30-ին հանրահավաք էին հրավիրել Ազատության հրապարակում: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, դիմելով քաղաքական ու հասարակական կառույցներին, կոչ էին արել միասին ներկայացնել մի շարք պահանջներ՝ առանցքում ունենալով Արցախի հարցը։

 


© 2009 ARMENPRESS.am