Ցուցարարները փակել են Ֆրանսիայի հրապարակը. այնտեղ տեղադրվեց Արցախի դրոշը

21:55, 5 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմության կազմակերպած հանրահավաքի մասնակիցները հավաքից հետո դուրս եկան դեպի հարակից Ֆրանսիայի հրապարակ՝ փակելով չորս մուտքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ դա իրենց առաջին նախազգուշական գործողությունն է, որը տևելու է մեկ ժամ:

Ցուցարարները Ֆրանսիայի հրապարակում տեղադրեցին Արցախի Հանրապետության դրոշը:
«Մենք այսօր միասին Ֆրանսիայի հրապարակի մեջտեղում կզետեղենք Արցախի դրոշը։ Սա իր մեջ ունի խորհուրդ, մեր պայքարի սկիզբն է, մենք պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն Եռագույնի, միասնության և վաղվա հաղթանակի», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր՝ ապրիլի 5-ին, հանրահավաք էին հրավիրել Ազատության հրապարակում: Հրապարակի հարթակից ներկայացվեց եզրափակիչ բանաձև-հայտարարություն, որով ընդդիմությունը սահմանում է «ազգային օրակարգի հիմնարար սկզբունքները, կարմիր գծերը և համաժողովրդական պահանջի էությունը»՝ որպես իր պայքարի ուղենիշ:

 


© 2009 ARMENPRESS.am