Պահանջատիրական մեծ երթ՝ Բեյրութում. Լիբանանի հայ համայնքն ապրիլի 24-ին կանցկացնի հիշատակի միջոցառումներ

09:57, 12 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում, չնայած տնտեսական ճգնաժամով պայմանավորված դժվարություններին ու բարդ իրավիճակին, տեղի հայ համայնքն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, հանդես է գալու ժողովրդական մեծ երթով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը տեղեկացրեց, որ կազմվել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների ծրագիր: Երթը կազմակերպվում է հայկական երեք կուսակցությունների կողմից:

Մեծ ժողովրդական երթը կազմակերպվելու է ապրիլի 24-ին՝ վաղ առավոտյան: Մեկնարկը տրվելու է Բուրջ Համուդ թաղամասից դեպի Անթիլիաս՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն:

«Այն պահանջատիրական, իրավունքների պաշտպանության երթ է՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երթին հաջորդելու է պատարագ կաթողիկոսությունում, որտեղ էլ սպասվում է Արամ Առաջին Վեհափառի ելույթը: Ասեմ, որ միջոցառում է նախատեսված ապրիլի 23-ին: Անթիլիասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռի մոտ հավաքվելու են համայնքում գործող երիտասարդական ու ուսանողական միությունները: Կլինեն ելույթներ ու գեղարվեստական ծրագիր»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Ապրիլքսանչորսյան ուղերձներում լիբանանահայերը ոչ միայն հիշելու են Հայոց ցեղասպանության նահատակներին, ոչ միայն ընդգծելու են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, ոչ միայն անդրադարձ է կատարվելու պահանջատիրությանը, այլև բարձրաձայնվելու է Արցախի հայության դեմ այսօր Ադրբեջանի կողմից կատարվող ոտնձգությունների հարցը:  

«Անշուշտ ելույթների առանցքում լինելու է նաև Արցախը: Այսօր մենք տեսնում ենք Արցախում ապրող հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականություն, սահմանային ոտնձգություններ: Հայ դատի գրասենյակներն ակտիվ աշխատում են էթնիկ զտումների վտանգի մասին հարցը միջազգային կազմակերպություններին ներկայցնելու ուղղությամբ: Արցախն այսօր անվտանգության լուրջ խնդրին է դիմակայում»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: 1915-1923թթ. ժամանակահատվածում թուրքական յաթաղանի զոհ դարձավ շուրջ 1.5 միլիոն հայ, մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով:

Աննա Գզիրյան


© 2009 ARMENPRESS.am