Հայկական կինեմատոգրաֆի առաջնեկը

09:15, 13 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվս երեք տարի, եւ հայկական կինոարվեստը կնշանավորի մեր առաջին գեղարվեստական կինոնկարի՝ «Նամուսի» հարյուրամյակը: Բայց մինչ ֆիլմին անդրադառնալը տեղին է վերհիշել, թե երբ եւ ովքեր են եղել այս զարմանահրաշ իրողության ստեղծման ակունքներում. կինոգյուտի հեղինակները ֆրանսիացի գյուտարարներ Լյումիեր եղբայրներն են, ովքեր 1895 թ. հայտնագործել են շարժվող լուսանկարների նկարահանման ու պրոյեկտման կինոսարքը, որն արտոնագրվել եւ անվանվել է կինեմատոգրաֆ: Կինեմատոգրաֆի՝ կինոնկարի, որպես ժանր, ծնունդը տեղի է ունեցել վերոնշյալ թվականի դեկտեմբերի 28-ին, երբ Կապուցիների Գրանտ կաֆե սրճարանի սրահներից մեկում տեղի է ունենում կինոնկարային առաջին ցուցադրումը:

Իսկ ե՞րբ է սկզբնավորվել հայկական կինեմատոգրաֆը: 1923 թ. ապրիլի 16-ին Հայաստանի ժողկոմխորհը որոշում է ընդունում մասնավոր կինոթատրոններն ազգայնացնելու մասին եւ հանձնարարում Լուսժողկոմատին Գլխքաղլուս համակարգում հիմնելու «Պետկինո» կազմակերպությունը: Այդ որոշումով էլ սկզբնավորվում են հայկական կինոարտադրությունը եւ կինոարվեստը: Որոշման տարեթիվն էլ համարվում է հայկինոյի ծնունդը: Չնայած մինչ այդ Հայաստանում չի եղել կինոարտադրություն, սակայն ձեւավորման հենց սկզբից հայկական կինեմատոգրաֆիան ունեցել է պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիստների ազգային սեփական կադրեր, ինչն էլ հնարավորություն էր ընձեռելու կարճ ժամանակում առաջընթաց ունենալ եւ դասվել զարգացած կինոարվեստ ունեցող երկրների շարքը:

Հայկական կինոյի պատմությունը պարբերացնելիս անհրաժեշտ է առանձնացնել նրա նախապատմությունը, երբ չունենալով սեփական կինոարտադրություն՝ առաջին քայլերն են արվել կինոարվեստի ասպարեզում: Այսպես. 1908-ին մեծավաստակ Գաբրիել Սունդուկյանը մտադրվել է էկրանավորել իր «Օսկան Պետրովիչը էն կինքումը» վոդեւիլը եւ սկսել սցենարի աշխատանքը, իսկ դերասանուհի Ս. Ադամյանը՝ 1913-ին իր գրած կինոսցենարը՝ ըստ Մ. Մանվելյանի «Հեքիաթ» պիեսի: Նույն թվականին Փերեսթիանին Սոնժոնովի ստուդիայում էկրանավորում է Շիրվանզադեի «Նամուսը»՝ այն անվանակոչելով «Երդումով կապվածները»: Սցենարի հեղինակը եւ գլխավոր դերակատարը մեծն Վահրամ Փափազյանն էր: 1919-ին Հովհաննես Զարիֆյանը փորձում է նկարահանել հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը, սակայն զուտ տեխնիկական պատճառով ժապավենը լույս է տեսնում՝ փչանում է, եւ փորձն ավարտվում է անհաջողությամբ: Այդ առաքելությունը վերապահված էր կինոյի բնագավառում մեծ փորձ կուտակած, հայկական գեղարվեստական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանին, ով մինչ հեղափոխությունը ռուսական կինոյի ճանաչված դերասաններից էր: Հայկական կինոյի սկզբնավորումը նշանավորվում է հենց նրա նկարահանած «Խորհրդային Հայաստան» վավերագրական (1924 թ.) եւ «Նամուս» գեղարվեստական ֆիլմերով: Սկսվում է հայ համր կինոյի տասնամյա շրջանը: Ստեղծվում են «Զարե», «Շոր եւ Շորշոր», «Կիկոս», «Գիքոր» եւ այլ ֆիլմեր: 1935-ին ծնունդ է առնում հայկական կինոյի հնչյունային առաջին ու լավագույն գործերից մեկը՝ հանրահայտ ու մշտապես սիրված «Պեպոն», որին հաջորդում են համաժողովրդական հիացումի արժանացած բազմաթիվ հնչեղ ֆիլմեր: Չթվարկենք:

Գալով մեր անդրանիկ գեղարվեստական համր կինոնկարին՝ «Նամուսին», ասենք, որ ժամանակին այն հայտնության նման մի բան է եղել հանրության համար: Երիտասարդ զույգի՝ Սեյրանի եւ Սուսանի ողբերգական սիրո մասին պատմող կինոնկարը մեծ հնչեղություն էր ունենալու՝ 1926 թ. ցուցադրվելով նաեւ Մոսկվայում: Ֆիլմի հաջողության նախապայմանը ոչ միայն ասելիքի դրամատիզմով էր պայմանավորված, այլեւ մեծ կինոռեժիսորի նախնըտրած դերասանական կազմով, դեմքեր, որոնցից շատերին հանդիսատեսը թատերական ներկայացումներից էր ճանաչում: Հիմա նրանք՝ տաղանդավոր ու հարազատ այդ երեւելիները հայտնվել էին էկրաններին: Եվ ինչպե՞ս կարող էր չսիրվել մի ֆիլմ, որում բեմական հսկա արտիստներ էին՝ Հովհաննես Աբելյան՝ Բարխուդար, Հրաչյա Ներսիսյան՝ Ռուստամ, Ավետ Ավետիսյան՝ Հայրապետ, Համբարձում Խաչանյան՝ Բադալ, Հասմիկ՝ Մարիամ, Օլգա Մայսուրյան՝ Գյուլնազ, Նինա Մանուչարյան՝ Շպանիկ եւ էլի սիրված դերասաններ՝ Միքայել Գարագաշ, Արմեն Գուլակյան, Պահարե՝ արտիստական շքեղ մի բույլ, որոնցից յուրաքանչյուրն իրենով մի թատրոն կարող էր ներկայացնել: Իսկ ովքե՞ր էին գլխավոր հերոսների՝ Սեյրանի եւ Սուսանի դերակատարները. Սամվել Մկրտչյան, Մարիա Շահուբաթյան-Տատիեւա, որոնց խոր ու ապրված կերպավորումները պիտի որ երաշխիք լինեին կրկին հայտնվելու հետայդու նկարահանվող հայկական հանրահայտ ֆիլմերում: Գուցեեւ նկարահանվել են այլ ֆիլմերում նույնպես, սակայն հանրաճանաչների թվում նրանց անունները չեղան…

1925-ին ստեղծված «Նամուսը» վերականգնվել եւ ձայնագրվել է 1969 թ.՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում: Հետագա տասնամյակներում այստեղ են կյանքի կոչվել հայկական գեղարվեստական լավագույն այն ֆիլմերից շատերը, որոնք այսօր էլ շարունակում են մնալ իբրեւ գլուխգործոցներ: «Նամուսը» դրանց նախակարապետն էր ու կմնա որպես հայ կինոյի առաջնեկ:

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 


© 2009 ARMENPRESS.am