«Արցախում են իմ բարեկամները, մորս աճյունը…»

09:10, 15 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախյան շարժման առաջին իսկ օրերից իմ մեջ տագնապ կա, որն առ այսօր հանգիստ չի տալիս: Տագնապ եմ զգում, երբ Արցախում եմ, տագնապ եմ զգում, երբ Արցախում չեմ: Քաջ գիտակցում եմ խնդրի լրջությունը: Այսօր մեծ տերություններին ոչ մի հարց, սեփական շահից բացի, չի հուզում: Ադրբեջանի նավթը գայթակղիչ է, իսկ ի՞նչ ունեն Հայաստանն ու Արցախը… Միշտ ասել եմ, որ հպարտ եմ իմ արմատներով: Արցախցին հեշտ չի կոտրվում ու անզիջում է: Ես ամեն վայրկյան զգում եմ, որ մեկն եմ արցախցիներից, նրանց նման համառ ու հաստակող…»: 

Ռոման ԲԱԼԱՅԱՆ

 

Նրա համար Արցախն հայրենիք է, այնտեղ են իր բարեկամները, մոր շիրիմը, մանկության թանկ հիշատակները: Այնտեղ՝ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում, որտեղ ծնվել է, վաղ հասակում կորցրել հորը, ով անհետ կորել է երկրորդ աշխարհամարտի տարիներին: Ութ տարեկանում դերասան դառնալու երազանքը երիտասարդ Ռոմանին տանելու էր Ստեփանակերտի թատրոն, այնուհետեւ ուսանելու էր Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, ավարտելու նաեւ Կիեւի նույնանուն բուհի կինոռեժիսուրայի բաժինը: Այդ տարիներից էլ ապրելու-աշխատելու էր Ուկրաինայի մայրաքաղաքում, նաեւ՝ Մոսկվայում: Որպես ռեժիսոր իր առաջին ֆիլմը նկարահանելու էր 1973 թ., հետո դիմելու էր ռուս դասականներին՝ Չեխով, Տուրգենեւ, Լեսկով՝ ստեղծելով ֆիլմեր նրանց ստեղծագործությունների հիման վրա: Քննադատելով ցարական Ռուսաստանի բարքերը՝ Ռոման Բալայանը փոխաբերաբար անդրադառնում էր իր ժամանակի խնդիրներին: Հայազգի ռեժիսորին մեծ հռչակ է բերում 1982-ին ստեղծած «Թռիչքներ երազում եւ արթմնի» ֆիլմը: Մեկ տարվա ընթացքում այն ունենում է վեցուկես միլիոն դիտող: Ֆիլմը դառնում է խորհրդային կինեմատոգրաֆիայի ամենադրամարկղային էկրանավորումներից մեկը ու թեեւ չի գովերգում  գործող ռեժիմը, այդուհանդերձ, արժանանում է բարձրագույն՝ ԽՍՀՄ պետական մրցանակի: Իսկ դրանից առաջ նկարահանել էր «Կաշտանկա», «Մենավոր գայլը», «Առաջին սեր», իր իսկ սցենարով՝ «Բիրյուկ» ֆիլմերը: Հսկայածավալ երկրով մեկ ցուցադրվելու էին  բարձրաճաշակ արվեստագետի հերթական՝ «Համբույր», «Պահպանիր ինձ, իմ թալիսման», «Ֆիլյոր», «Դրախտի թռչունները», «Մցենսկի գավառի Լեդի Մակբեթը», նուրբ ու խորիմաստ էկրանավորումները: Ռուսները անվանի կինոռեժիսորին իրենցն էին համարելու, ուկրաինացիները՝ իրենցը, մենք՝ մերը:

Ասենք, որ Ռոման Բալայանը տասնամյակներ առաջ ցանկություն է ունեցել հայրենիքում ֆիլմ նկարել իր կնքահոր՝ Հրանտ Մաթեւոսյանի «Գոմեշը» ստեղծագործության հիման վրա: Վերին ատյաններում, չգիտես ինչու՝ առարկել են: Մինչդեռ հաջողելու դեպքում տաղանդավոր կինոռեժիսորը գուցեեւ մնար Հայաստանում եւ շարունակեր հայկական կինեմատոգրաֆը հարստացնել իր ստեղծելիք բարձրարվեստ ֆիլմերով: Ինչեւէ: Չզարմանանք, որովհետեւ մենք սովոր ենք հեշտությամբ «ուղեղներ արտահանելու», դրանցով հարստացնելու օտարներին, իսկ հայրենիք այցելելու ժամանակ՝ ծափահարել հոտնկայս…

1997 թ. Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչմանն արժանացած արվեստագետը, որ ուկրաինական ժամանակակից կինոարվեստի ամենանշանավոր դեմքերից մեկն է, ամուր թելերով է կապված իր բնաշխարհին, պատեհ-անպատեհ առիթներով հաճախակի է այցելում հարազատ ոստան. «Այնտեղ իմ հարազատներն են, իմ մոր աճյունը…»: Նա իրեն անվանիների թվին չի դասում. «Ես ինձ հայտնի չեմ համարում: Ես պարզապես լավ հայ եմ: …Մինչեւ Փարաջանովի հետ ծանոթանալս կարծում էի՝ հանճար եմ: Հետո հասկացա տաղանդի եւ հանճարի տարբերությունը…»:

Ինքն իրեն կատակով «լոպազ ու հաստակող» ղարաբաղցի բնութագրող Ռոման Բալայանի վաստակը գնահատվել է ըստ պատշաճի. 2008 թ. Ուկրաինայի նախագահը նրան շնորհել է «Սկյութական եղջերու»՝ համաշխարհային կինոարվեստի բնագավառում նշանակալի ավանդի համար, նույն թվականին պարգեւատրվել է «Վաստակի համար» երկրորդ կարգի շքանշանով: Պարգեւների թիվը մեծ է, մնացյալները չթվարկենք: Պարզապես առողջություն մաղթենք պատերազմական երկրում ապրող-ստեղծագործող անվանի մեր հայրենակցին, ով երազում է ամուր ու անխաթար տեսնել հայրենի Արցախը եւ որ «հայ մարդկանց աչքերի մեջ տխրություն չլինի…»:

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


© 2009 ARMENPRESS.am