Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Զատկական փառատոն

11:09, 15 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 17-ին Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բացօթյա տարածքում առաջին անգամ կանցկացվի «Զատկական փառատոն»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման կազմակերպիչն է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Փառատոնի ընթացքում կներկայացվեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» և մասնագիտացված այլ կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները, երեխաները հանդես կգան երաժշտական կատարումներով։ Համերգային ծրագրում կընդգրկվեն նաև ճանաչված երաժիշտներ:

Այս ընտանեկան տոնին հանրությունը հնարավորություն կունենա մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը, այդ թվում՝ միանալու վարպետության դասերին և պատրաստելու օրվա խորհրդանիշ ձեռքի աշխատանքներ, ծանոթանալու երեխաների ստեղծագործական կենտրոնների աշխատանքներին։

Փառատոնի խորհրդանիշ գույնը կարմիրն է, և ցանկալի է՝ մասնակիցներն այդ օրը կրեն խորհրդանշող կարմիր հագուստ կամ որևէ դետալ:

«Զատկական փառատոնի» նպատակն է ստեղծել մշակութային հարթակ՝ երեխաների, պատանիների ինքնադրսևորման և խոցելի խմբերի երեխաներին մշակութային կյանքում ինտեգրելու համար:

Փառատոնին աջակցում են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Ֆորմիակ Արտ» ընկերությունը և «ՀԵՀԵՄ» գրասենյակը։


© 2009 ARMENPRESS.am