Գեղարքունիքի մարզպետը հանրակրթական դպրոցների տնօրենների հետ քննարկեց օրակարգային մի շարք հարցեր

17:20, 15 Ապրիլ, 2022

ԳԱՎԱՌ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց հանրակրթական դպրոցների տնօրենների հետ՝ անդրադառնալով օրակարգային եւ ուսումնական տարվա ավարտի հետ կապված մի շարք կարեւոր հարցերի։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետը խոսեց  հանրակրթական դպրոցներում մանկավարժների անհարկի բացակայությունների եւ հանցագործության տարր պարունակող երեւույթների բացառման, ուսման առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներից որեւէ մեկին հանրակրթության ոլորտից դուրս չթողնելու, մանկավարժների շրջանում  պատվաստումների գործընթացի շարունակական ապահովման, դպրոցական գույքի առկայության եւ դպրոցամերձ հողամասերի պատկանելության վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու մասին: «Նաեւ դպրոցները պետք է ակտիվ ներգրավվածություն ունենան 2022 թվականի ապրիլի 30-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի աշխատանքներին եւ 2022 թվականի մայիսի 14-ին կայանալիք «Վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցույթին»,- նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը:

Այնուհետ Մարզպետարանի եւ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող կրթական հաստատությունների տնօրենների հետ կայացավ հանդիպում, որին մասնակցեցին  ՀՀ ԿԳՄՍ «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը եւ կենտրոնի աշխատակից Մեսրոպ Բաբայանը:

Նրանք հանգամանալից ներկայացրին 2021-2022 ուսումնական տարվա պետական ավարտական եւ միասնական քննությունների կազմակերպման գործընթացի հետ կապված փոփոխությունները, պատասխանեցին ներկաների կողմից բարձրացված հարցերին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան որոշմամբ` 2022 թվականի ապրիլի 15-ից հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար կմեկնարկեն քննությունների մասնակցության հայտագրումները, որոնց ավարտի վերջնաժամկետ է սահմանվել մինչև 2022 թվականի մայիսի 10-ը:

Խոսրով Խլղաթյան

 


© 2009 ARMENPRESS.am