Փորձագետը մեկնաբանել է Եվրոպայում երեխաների մոտ հեպատիտի բռնկման մասին հաղորդագրությունները

19:12, 15 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չի բացառվում, որ Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում երեխաների մոտ հեպատիտը կարող էր հարուցել նախկինում անհայտ վիրուսի տարածումը, բայց դրա հայտնաբերման համար հետազոտությունների բարդ շարք է անհրաժեշտ, հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության ԿԳՀԻ-ի ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ պայքարի գիտական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոկրովսկին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Infosalus պորտալը, որը մտնում է Eupora Press գործակալության մեջ, հայտնել էր, որ Իսպանիայի առողջապահության նախարարությունը երկրի ինքնավար հանրակցություններին կոչ է արել երեխաների մոտ անհայտ ծագման սուր հեպատիտով հիվանդության հնարավոր դեպքերի որոնում անցկացնել՝ Մադրիդում երեք դեպքերի հայտնաբերման մասին հաղորդագրությունների ֆոնին: Ինչպես նշում է գործակալությունը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման եվրոպական կենտրոնը, Անգլիայում հետաքննում են սուր հեպատիտով հիվանդանալու շուրջ 60 դեպք, հիվանդացածների մեծ մասը երկուսից հինգ տարեկան երեխաներ են, նրանցից ոմանց համար լյարդի փոխպատվաստում է պահանջվել:

«Լյարդն ախտահարվում է այնպիսի սուր արեւադարձային վարակների դեպքում, ինչպիսիք են դեղին տենդը, Լասի տենդը, սակայն այդ հիվանդությունները չեն հանդիպում Եվրոպայում, եւ դրանք հեշտությամբ կարելի է ախտորոշել։ Ախտահարումը կարող է կապված լինել լայնորեն տարածված վիրուսների հետ, որոնք բավականին հաճախ առաջացնում են հեպատիտներ. տարբեր հերպեսվիրուսներ, Կոկսակիի վիրուս, ցիտոմեգալովիրուս, ավելի հազվադեպ են առաջացնում հեպատիտներ նաեւ մի քանի այլ վիրուսներ: Չի բացառվում նաեւ նախկինում անհայտ վիրուսի տարածումը, սակայն դրա հայտնաբերման համար կպահանջվի հետազոտությունների բարդ ցիկլ»,- ասել է Պոկրովսկին լրագրողներին։

Նա հստակեցրել է, որ հիվանդության պատճառների մասին հարցին կօգնի պատասխանել համաճարակաբանական հետազոտությունը, որը պետք է հաստատի վարակվածների միջեւ կապերը, հիվանդության առաջացման ռիսկի ընդհանուր գործոնները:


© 2009 ARMENPRESS.am