Podcast-Sport. Հովհաննես Բաչկովը՝ պրոֆեսիոնալ ռինգում մենամարտի, հետագա անելիքների մասին
10:30, 19 Ապրիլ, 2022ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնության բրոնզե, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը շարունակում է հաղթական շարքը պրոֆեսիոնալ ռինգում:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Բաչկովը խոսել է նախորդ մենամարտից, Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում նրա հնարավոր մասնակցությունից և հետագա անելիքներից:
«Եթե անկեղծ, դեռևս չգիտեմ՝ կմասնակցեմ Երևանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, թե ոչ»,-ասաց նա:
Բաչկովն անդրադարձավ նաև պրոֆեսիոնալ ռինգում վերջին մենամարտին` շեշտելով, որ առավել մեծ դժվարություն ներկայացրեց այն, որ նախապատրաստական փուլում ընտանիքից հեռու էր:
«10 ռաունդանոց մենամարտում, երբ մրցավարը կանգնեցրեց այն, ես կարծես նոր-նոր էի մտնում պայքարի մեջ: Այդպիսինն էր նոր մարզչի հետ աշխատանքս»,-ասաց նա:
Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի Probellum պրոմոութերական ընկերության մրցաշարում Հովհաննես Բաչկովը մենամարտի 8-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է 39-ամյա արգենտինացի Կրիստիան Կորիային: Պրոֆեսիոնալ ռինգքում առաջին հաղթանակը Հովհաննես Բաչկովը տոնել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ հաղթելով 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:
© 2009 ARMENPRESS.am