Գեղարքունիքի մարզը նախապատրաստվում համապետական ապրիլվերջյան շաբաթօրյակին

17:51, 19 Ապրիլ, 2022

ԳԱՎԱՌ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում մարզի համայնքներում եւ պետական ու մասնավոր ընկերություններում՝ 2022 թվականի ապրիլի 30-ին կայանալիք համապետական շաբաթօրյակն արդյունավետ կազմակերպելու եւ անցկացնելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,  մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Կարեն Սարգսյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է 2022 թվականի ապրիլի 30-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը եւ իրականացմանը:

«Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին պետք է ընդգրկվեն մարզի բոլոր պետական կառույցները, համայնքապետարանները, տնտեսվարող սուբյեկտները, մասնավոր ընկերությունները: Անհրաժեշտ է ներգրավել բավարար տեխնիկական միջոցներ և մարդկային ներուժ, կատարել իրականացվող աշխատանքների քարտեզագրում, որպեսզի նախապես պլանավորված աշխատանքները իրականացվեն բարձր մակարդակով: Շատ կարևոր է, որ շաբաթօրյակի ընթացքում հավաքված եւ աղբավայրեր տեղափոխված աղբը անմիջապես հողածածկվի, այլապես մաքրման աշխատանքներն անարդյունք կանցնեն՝ ստեղծելով շրջակա միջավայրի աղտոտման նոր ռիսկեր»,- նշել է  մարզպետը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am