Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ

11:35, 20 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. 

«Եղբայրական եզդի ժողովրդի համար այս տարին թող նշանավորվի շարունակական ձեռքբերումներով և նորանոր հաջողություններով:

Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը սկիզբ է առել դեռևս հնագույն ժամանակներից և առավել ամրապնդվել ու խորացել դժվարին իրավիճակները համատեղ հաղթահարելու և միմյանց աջակցելու օրինակներով: Մեր եղբայրությունն անշահախնդիր համագործակցության վառ օրինակ է:

Համոզված եմ, որ փոխադարձ հարգանքի, վստահության և համերաշխության վրա հիմնված հայ-եզդիական բարեկամության ավանդույթները կշարունակվեն»:


© 2009 ARMENPRESS.am