Podcast-ՍոցUp. Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական ծրագրով աջակցություն է ստացել 3059 շահառու

10:01, 21 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի հուլիսի 1-ից իրականացվում են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության  երեք նպատակային ծրագրեր, որոնց հիմնական նպատակը երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավումն ու ծնելիության խթանումն է:

ՍոցUp թողարկման շրջանակում աջակցության ծրագրերի շահառու դառնալու պայմանների, դրա դադարեցման, տրամադրման կարգի հետ կապված հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի հետ:

Նրա խոսքով՝ ծրագրի մեկնարկից մինչ այս պահը աջակցություն է ստացել 3059 շահառու, որից 544-ը միանվագ աջակցության ծրագրով, 762-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով և 1753-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով:

«Միայն 2022 թվականին աջակցություն է ստացել արդեն 695 շահառու: 2022 թվականին պետական բյուջեով նախատեսվել է 1 միլիարդ 2 միլիոն դրամ, սակայն դիմումների աննախադեպ քանակը ցույց է տալիս, որ մենք տարեվերջում կունենանք ֆինանսական միջոցների համալրման կարիք»,-ասաց նա:

Անդրադառնալով ծրագրերին՝ Ղարագյոզյանը նշեց, որ առաջինը միանվագ աջակցության ծրագիրն է, որի շրջանակներում առնվազն երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին տրվում է ֆինանսական աջակցություն՝ մարզային բնակավայրում անշարժ գույք ձեռք բերելու, կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար: Երկրորդը կանխավճարի ապահովագրության ծրագիրն է, որի շրջանակներում առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին տրամադրվում է աջակցություն կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարի ֆինանսավորման համար: Երրորդ ծրագիրը երեխայի ծննդյան աջակցության ծրագիրն է, որի շրջանակներում հիփոթեքային վարկ մարող ընտանիքում նոր երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է ֆինանսական աջակցություն, որն ուղղվում է վարկի մայր գումարի մարմանը:

«Միանվագ դրամական աջակցության և կանխավճարի ապահովագրության ծրագրերն ուղղված են այն ընտանիքներին, որոնք նոր են ուզում անշարժ գույք ձեռք բերել: Միանվագի դեպքում պարտադիր պայման է առնվազն երկու անչափահաս երեխայի առկայությունը, իսկ կանխավճարի դեպքում՝ մեկը: Միանվագ աջակցությունն ուղղված է միայն մարզային բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելուն, իսկ կանխավճարի ապահովագրության ծրագրի  դեպքում խոսքը վերաբերվում է նաև Երևանին»,-նշեց նա:

Մասնագետի խոսքով՝ միանվագ աջակցության ծրագրով՝  երկրորդային շուկայի դեպքում կարևոր է, որ շահառուն կատարի 10 տոկոս կանխավճար , առաջնայինի դեպքում 7.5 տոկոս կանխավճար: Կարևոր է, որ տեղեկատվությունը նախարարությունը ստանա նախքան վարկային պայմանագրի կնքումը:

«Ծրագրի մեկնարկից մինչ այս պահը 2 միլիարդ 94 միլիոն դրամ հատկացում է կատարվել պետական բյուջեից , որից 2022 թվականին արդեն իսկ վճարվել է 490 միլիոն դրամ»,-հավելեց նա:

Ծրագրի վերաբերյալ այլ մանրամասների ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:  

 

Հեղինակ՝ Անի Դանիելյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

 

 


© 2009 ARMENPRESS.am