Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ոգեկոչում արվեստի շնչով» միջոցառումը

15:50, 21 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 24-ին ժամը 15:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է միության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը Սիամանթոյի ստեղծագործությունները կընթերցի ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը, երաժշտական կատարումներով հանդես կգան «Փարոս» կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար` Րաֆֆի Միքայէլեան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան), «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը (գեղ. ղեկավար՝ Լուսինե Նազարյան), «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի երաժիշտները (գեղ. ղեկավար՝ Հովիկ Սահակյան, դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան), «Նարեկացի» նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Արտեմ Խաչատուր):

«Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառման ընթացքում տեղի կունենա նաև մանրանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսին կներկայացվեն Անի Գևորգյանի, Արմինե Հարությունյանի, Աննա Վանեսյանի, Ինեսսա Պողոսյանի աշխատանքները:

Մանրանկարները կցուցադրվեն մինչև ապրիլի 29-ը:

Սկսած 2003 թվականից՝ յուրաքանչյուր ապրիլի 24-ին «Նարեկացի» արվեստի միությունն իր արվեստագետ բարեկամների հետ նշում է հիշատակի և ոգեկոչման համահայկական օրը՝ կոչ անելով աշխարհին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և դրա ճանաչման միջոցով այլևս թույլ չտալու նոր ցեղասպանությունների կրկնումը:


© 2009 ARMENPRESS.am