Օրենբուրգի մարզի Գայ քաղաքի լեռնահարստացման կոմբինատում պայթյունի հետևանքով երեք մարդ Է զոհվել

11:14, 23 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Օրենբուրգի մարզի Գայ քաղաքի լեռնահարստացման կոմբինատում ապրիլի 23-ին պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է երեք մարդ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պայթուցիկ նյութի չարտոնված դետոնացիան տեղի է ունեցել 1,2 կմ խորության վրա:

Կոմբինատի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ զոհվածների մարմինների վրա արտաքին վնասվածքներ չկան:

Տարածաշրջանային դատախազությունից հայտնել են, որ տարհանվել է 88 աշխատող։ Կոմբինատում ճշտել են, որ բանվորներն ինքնուրույն են դուրս եկել, քանի որ նրանց հերթափոխն ավարտվել է։

Մարզի դատախազ Ռուսլան Մեդվեդևը հանձնարարել է ստուգում կազմակերպել միջադեպի փաստով, որի շրջանակներում կպարզվեն դրա պատճառներն ու պայմանները:

Նախնական վարկածի համաձայն ՝ պայթյունի պատճառը կարող էր լինել լեռնային պայթեցման աշխատանքների ժամանակ անվտանգության տեխնիկայի խախտումը։ Միջադեպից հետո քրեական գործ է հարուցվել։

Կառավարությունը, քաղաքապետարանը և Գայի լեռնահարստացման կոմբինատը օգնություն կցուցաբերեն զոհված 3 հանքափորների ընտանիքներին, հայտնել է Օրենբուրգի մարզի նահանգապետ Դենիս Պասլերը:

 


© 2009 ARMENPRESS.am