Վրաստանում տեղի Է ունեցել բարեխոսական արարողություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

15:17, 24 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Ապրիլի 24-ին տեղի Է ունեցել բարեխոսական արարողություն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ արարողությանը ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը` դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ։

«Արարողությունից հետո ծաղիկներ են խոնարհվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի դիմաց»,-նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն 20-րդ դարասկզբի առաջին Ցեղասպանությունն են: Հայոց ցեղասպանությունն իրագործվեց երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:  Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով. այն ճանաչել ու դատապարտել են աշխարհի երեք տասնյակ պետություն:

 

 


© 2009 ARMENPRESS.am