«Նոր գիրք»-13/22. Զանոյեան, Լոնդոն, Ջիլջյան, Ֆուկո

09:52, 25 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալու նոր գրքերի մասին, ծանոթանալու դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն .Վահան Զանոյեան, «Անապակ առեղծված»

2000-ականների սկզբին վետերան գինեգործ Հայկ Քոլեյանը Տոսկանայից ժամանում է Հայաստան՝ գինեգործությունը վերականգնելու համար։ Արամ Ալմայանը Մոսկվայում վաճառում է մի քանի խաղատուն՝ իր հմայիչ դուստր Կառլայի հետ հայրենիքում խաղողի այգիներ հիմնելու եւ գինու մեծ գործարան կառուցելու նպատակով։ Փիլիսոփա, գինեգործ Վան Դորյանը նույն երազանքով վաճառում է Լոս Անջելեսի իր ընկերության մեծ մասը եւ տեղափոխվում Երեւան։

Նրանց արտադրած գինիներն ընկնում են տարօրինակ եւ նենգադավ պատմությունների մեջ։ Ռուսաստանում գինու վաճառքով զբաղվող ամենամեծ ընկերության աշխատակիցը սպանվում է Մոսկվայում։

Հարվածի տակ է դրվում Ալմայանի գինու գործարանի աշխատակցի կյանքը։ Արամը պետք է լուծի երկու խնդիր՝ բացահայտի խարդախներին եւ լուծի գինեգործների վեճերը։ Ու դա պետք է հասցնի մինչեւ գինեգործական կարեւորագույն հավաքը, որտեղ պետք է հայտարարվի աննախադեպ նախաձեռնության մասին։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

Թարգմանական գրականություն. Ջեք Լոնդոն, «Մեծ տան փոքրիկ տիրուհին»

«Մեծ տան փոքրիկ տիրուհին» հեղինակի կյանքի վերջին տարիներին գրված վեպ է, որն առաջին անգամ լույս է տեսել 1916 թվականին: Ողբերգական արձակ ժանրի այս ստեղծագործությունը սիրային եռանկյունու պատմություն է, որի հերոսները, կյանքին նայելով չոր իրապաշտական հայացքով, միաժամանակ մեծ ողբերգության զոհեր են դառնում, քանի որ խիստ տարանջատում են գիտակցականն ու հուզականը: Վեպում կա նաև երկրորդ սյուժետային գիծ, որտեղ պատմվում է գլխավոր հերոսի մանկության մասին: Մի առիթով հեղինակն ասել է. «Փոքրիկ տիրուհին այն է, ինչին ես ձգտում էի իմ ամբողջ ստեղծագործական կյանքում, չէ՞ որ այս գիրքն այնքան տարբեր է նրանցից, ինչ ես ստեղծել էի նախկինում»: Թարգմանությունը՝ Կարեն Սիմոնյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Մանկապատանեկան գրականություն. Ավետիս Ջիլջյան, «Ալքիմիկոսի «ոսկե» ափսեն»

Մենք սովոր ենք հարվածային գործիքների մեջ ծնծղաներ տեսնել, լսել դրանց ձայնը երաժշտության կատարման ընթացքում: Իսկ ինչպե՞ս են դրանք ստեղծվել: Ո՞վ է եղել ծնծղա ստեղծող այդ հմուտ վարպետը: Վաղուց, շատ վաղուց, մի քանի հարյուր տարի առաջ՝ 17-րդ դարում, Թուրքիայում Ավետիս անունով մի մարդ էր ապրում…

Խմբագիր՝ Նունե Թորոսյան, նկարազարդումը՝ Սոնա Անտոնյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Միշել Ֆուկո, «Գիտելիքի հնագիտությունը»

Միշել Ֆուկոյի «Գիտելիքի հնագիտությունը» աշխատությունը հումանիտար գիտությունների զարգացման ուսումնասիրման մեթոդաբանական մի ազդեցիկ ուղեցույց է: Գիտելիքի առաջանալը գրքում դիտարկվում է իբրև մրցակից կամ միմյանց հաջորդող ճառաբանությունների արդյունք, իսկ գիտությունների կազմավորման պատմությունը՝ իբրև հավաքական մտքի արխիվ։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


© 2009 ARMENPRESS.am