Մեքսիկացի սենատորը հորդորել է Սենատին ու կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

10:38, 27 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի Սենատի լիագումար նիստի ընթացքում ապրիլի 26-ին կայացել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ սենատոր Ալեխանդրա Լեոնը հանդես է եկել ելույթով, որում նշել է Օսմանյան կայսրությունում իրագործված հայ բնակչության կոտորածների մասին՝ հորդորելով մեքսիկական Սենատին ու կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սենատի նախագահ Օլգա Սանչեսի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի դեսպան Արմելլա Շաքարյանը շեշտել է, որ անցյալի ցեղասպանությունների ճանաչումը և ոգեկոչումը առանցքային նշանակություն ունի աշխարհի որևէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կրկնության կանխարգելման համար։ Դեսպանը նշել է, որ հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին։ 2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմը, որն ուղեկցվում էր հանցագործություններով և էթնիկ զտումներով, ի ցույց դրեց, որ նախկինում իրականացված հանցագործությունների անպատժելիությունն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։


© 2009 ARMENPRESS.am