ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցել են Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի միջոցառմանը

20:00, 28 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ապրիլի 25-ից 27-ը Ժնևում մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարումը և բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովումը» խորագրով միջոցառմանը,  որը կազմակերպել էր Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնը՝ DCAF։ ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Միջոցառման նպատակն է եղել հարթակ ապահովել ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ենթարկվող անվտանգության ոլորտի վերաբերյալ քննարկումների համար։

Ըստ աղբյուրի՝ միջոցառման ընթացքում ՊՆ ներկայացուցիչներն անդրադարձել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և բարեվարքության ամրապնդման հարցերին, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ռազմավարական մոտեցումներին։ Պաշտպանության նախարարի տեղակալը շեշտել է, որ բարեվարքության ամրապնդումը և զինված ուժերի անձնակազմի իրավունքների ապահովումը գերատեսչության առաջնային ուղղություններից է, և պաշտպանության ոլորտի բարեփոխումների համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում դրանց շարունակական բարելավմանը։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am