ՀՀ կառավարությունը 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար

14:34, 29 Ապրիլ, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար՝ հաշվի առնելով Արցախում առկա բնակարանային հրատապ կարիքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարության որոշ անդամներով հանդիպում ենք ունեցել ՀՀ մեր գործընկերների հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Հիմնական օրակարգային երկու հարցերը Արցախի սոցիալ-տնտեսական վիճակը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն էին»,-գրել է նա՝ հավելելով, որ ՀՀ գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը լրացուցիչ 20 միլիարդ դրամ կհատկացնի Արցախի բնակարանաշինական ծրագրերի համար՝ հաշվի առնելով Արցախում առկա բնակարանային հրատապ կարիքները:

«Իհարկե, նաև մտքեր են փոխանակվել Արցախի անվտանգության, կարգավիճակի ու հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ»,-նշված է պետնախարարի գրառման մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am