Թուրին մեկնելուց առաջ Ռոզա Լինը մասնակցել է վերջին փորձին

17:12, 29 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը Հանրային հեռուստաընկերությունում մասնակցել է վերջին փորձին, որն արդեն կշարունակվի Թուրինում՝ համաեվրոպական մրցույթի մեծ բեմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հաջողություն է մաղթել Ռոզա Լինին և նշել. «Պրոմո տուրերի և Հայաստանում միջոցառումների արձագանքներից պարզ է, որ մեր մասնակիցն ու երգը սիրվել են: Հուսով ենք՝ եվրոպական լսարանին կգրավեն նաև Ռոզայի կատարումն ու բեմադրությունը»:

Հիշեցնենք, որ Ռոզա Լինը ելույթ կունենա մայիսի 10-ին՝ «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակչում:

 


© 2009 ARMENPRESS.am