«Նոր գիրք»-14/22. Բակունց, Քոնան Դոյլ, Բարրի, Նավարո

10:38, 2 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն
Ակսել Բակունց, «Կյորես»

Ակսել Բակունցի «Կյորես» վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1936 թվականին: Վիպակում գրողական բարձր վարպետությամբ և տիպական թանձրացումներով պատկերվում է, ըստ էության, պարտության պատմություն: Մի կողմում՝ Կյորեսն է, իր լեզվով, բարքերով ու սովորույթներով, սերունդների տոհմիկ դաստիարակությամբ, աշխատանքի և արդարության նկատմամբ ունեցած բնաշխարհիկ զգացումով ու ամեն ինչով բնական, մյուս կողմում՝ Գորիսը, որտեղ նորն է ու ներմուծովին, և որի ճնշմամբ աստիճանաբար փլուզվում է Կյորեսը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն
 Սըր Արթուր Քոնան Դոյլ, «Շերլոք Հոլմսի արկածները»

«Շերլոք Հոլմսի արկածները» ժողովածուն սըր Արթուր Քոնան Դոյլի հեղինակած պատմվածքների ժողովածուներից է՝ բաղկացած 12 ստեղծագործությունից: Առաջին՝ «Սկանդալը Բոհեմիայում» պատմվածքը, տպագրվել է «Ստրենդ» ամսագրում 1891 թվականին: Գիրքը հրատարակվել է մեկ տարի անց և համարվում է Հոլմսի մասին պատմվածքների առաջին հավաքածուն: Բոլոր պատմվածքներում դրսևորվում է Հոլմսի հանճարը, որ օգնում է մարդկանց հասնել արդարության, հատկապես՝ այն դեպքերում, երբ խնդիրներն առաջին հայացքից թվում են բարդ կամ գրեթե անլուծելի: Թարգմանությունը՝ Արփինե Վարդանյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Մանկապատանեկան գրականություն
 Ջեյմս Մեթյու Բարրի, «Փիթրը և Վենդին»

«Փիթրը և Վենդին» (1911 թ.) Ջ. Մ. Բարրիի ամենանշանավոր երկն է։ Վերջինս նախ գրվել է որպես պիես (1906 թ.) և բեմադրվել լոնդոնյան՝ Յորքի դուքսի թատրոնում՝ ունենալով աղմկալից հաջողություն: Պատահական չէ, որ վիպակն առանձնանում է նուրբ թատերայնությամբ և երկխոսությունների բացառիկ մշակվածությամբ:

Ո՞վ է Փիթր Փենը: Բարետես, շնորհալի պատանի` հնարամիտ ու խիզախ, մի թեթև…. ո՜չ, աներևակայելի պարծենկոտ: Մի խոսքով` տղաներից լավագույնը: Թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի։ Նկարազարդումները` Ֆրենսիս Դոնկին Բեդֆորդի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն
 Ջո Նավարո, «Ես կարդում եմ Ձեր մտքերը»

Մարմնի լեզվի և ոչ վերբալ հաղորդակցության աշխարհի լավագույն մասնագետներից մեկի, եթե ոչ լավագույնի՝ Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքն արդեն հասանելի է հայերենով:

Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի,  իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար

Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտնի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Գիրքը լույս է ընծայել «ԴաՎինչի» հրատարակչությունը, թարգմանիչ՝ Աննա Նաղաշյան, խմբագիր՝ Վահե Ղուկասյան:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


© 2009 ARMENPRESS.am