Հայաստանում բանկային հաշիվներ են բացել մոտ 16 հազար ոչ ռեզիդենտներ

17:14, 3 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերում մոտ 16 հազար ոչ ռեզիդենտներ բացել են նոր հաշիվներ, նրանց զգալի մասը Ռուսաստանի ռեզիդենտներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Ըստ նրա՝ աշխարհում բանկային համակարգերում ավանդաբար կան խաղի հստակ կանոններ. ոչ ռեզիդենտներն ավելի խիստ հսկողության ներքո են գտնվում միշտ:

«Հայաստանի բանկային համակարգը ստեղծված իրավիճակում շատ ճիշտ աշխատանք է իրականացնում այն առումով, որ պահպանվում են բոլոր միջազգային նորմերը: Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ այդ նորմերի ներքո մենք ունենք ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև այլ երկրների քաղաքացիներ, որոնք բանկ մուտք գործելով և ապացուցելով, որ իրենց տնտեսական շահի կենտրոնը տեղափոխվում է Հայաստան, հնարավորություն են ունենում բացել հաշիվներ ՀՀ առևտրային բանկերում, սպասարկվել ՀՀ բանկային համակարգում: Այդպիսի հաճախորդների թիվը, եթե ես չեմ սխալվում, ներկայումս մոտ 16 հազար է»,-ասաց Գալստյանը:

Ռուսաստանի ռեզիդենտներն այդ նոր հաճախորդների զգալի մասն են կազմում:

 


© 2009 ARMENPRESS.am