Ընդդիմությունն ամփոփեց հանրահավաքային հերթական օրը և նախանշեց հաջորդ օրվա անելիքները

23:04, 3 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքական ընդդիմությունը հայտարարում է, որ իրենց փողոցային պայքարն ու հանրահավաքները ամենօրյա են ու անժամկետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանի ընդդիմադիր ուժերը մայիսի 3-ին շարունակել են անհնազանդության ակցիաները Երևանի տարբեր հատվածներում, եւ ինչպես նախորդ օրերին՝ այսօր էլ բողոքի ցույցի հիմնական դրսևորումներից մեկը փողոցները փակելն էր, բայց նաև դասադուլի եւ գործադուլի կոչեր էին արվում:

«Դիմադրության» շարժման ակտիվիստները մասնավորապես փակել են Կոմիտասի պողոտան, Բաղրամյան պողոտան, Աբովյան փողոցը, Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկը, Ազատության պողոտան, Փափազյան, Բաբայան, Վրացական, Պռոշյան, Պուշկինի, Սարյան, Մոսկովյան եւ մի շարք այլ փողոցներ, նաև Երևան-Սևան ճանապարհին: Նաև մեծ թվով քաղաքացիներ են բերման ենթարկվել: Ոստիկանության տվյալներով՝ ժամը 16:00-ի դրությամբ բերման էր ենթարկվել 206 ցուցարար: Ընդդիմությունը պնդում էր, որ նրանց թիվն ավելի մեծ է:
Երեկոյան Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ամփոփելով օրը՝ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ամբողջ օրվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 250 քաղաքացի և նրանք բոլորն էլ ազատ են արձակվել:
Ավելի ուշ Իշխան Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով տեղեկացրեց, որ մայիսի 4-ին անհնազանդության ակցիաները մեկնարկելու են կեսօրին` 12:00-14:00-ն, իսկ 15։30-ին իրենք կրկին հավաքվելու են Ֆրանսիական հրապարակում և իշխանությունների հեռացման պահանջ են ներկայացնելու։

© 2009 ARMENPRESS.am