Պատմական արդարությունը միշտ հաղթանակում է՝ հակառակ ողբերգություններին ու աղետներին. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետին

11:25, 5 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Նաֆթալի Բենեթին՝ Անկախության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսրայելի Պետության պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Երկհազարամյա ընդհատումից հետո հրեական պետականության վերածննդի փաստը վկայում է, որ պատմական արդարությունն ի վերջո միշտ հաղթանակում է՝ բոլոր ողբերգություններին ու աղետներին հակառակ:

Մեկ ամիս առաջ մենք նշեցինք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Լիահույս եմ, որ մոտ ապագայում հայ-իսրայելական հարաբերությունները վերելք կապրեն՝ նոր էջ բացելով մեր բազմադարյա կապերի տարեգրության մեջ:

Ընդունեք խնդրեմ, պարոն վարչապետ, խաղաղության ու բարօրության մաղթանքներս Ձեզ և Իսրայելի ժողովրդին»:

 

 


© 2009 ARMENPRESS.am