Ընդդիմությունը փախել է ճշմարտությունից. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրների կողմից ԱԺ դահլիճը լքելու մասին

11:51, 5 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ընդդիմությունը կառավարության հետ հարցուպատասխանի օրը փախել է ճշմարտությունից, եթե ծանոթանան ողջ ճշմարտությանը, չեն կարող փողոց դուրս գալ և «կենացներ ասել»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ընդդիմադիրների կողմից ԱԺ նիստերի դահլիճը լքելուն, երբ դրանից առաջ վարչապետը հայտարարել էր, որ շատ կարևոր բացահայտում ունի: 

«Վարչապետն ուներ կոնկրետ ասելիք ընդդիմադիրներին: Ընդդիմադիրները այդ փաստով պայմանավորված միանգամից փախան դահլիճից, որովհետև, ըստ էության, ընդդիմությունը ճշմարտությունից մշտապես փախել է, և սա էլ բացառություն չէ»,-ասաց Հովհաննիսյանը:

Իսկ թե ո՞րն էր վարչապետի ասելիքի բովանդակությունը՝ Հովհաննիսյանը նշեց, որ Փաշինյանն իր ասելիքը կասի՝ նայելով  ընդդիմադիրների աչքերին: «Երբ կգա պատեհ պահը, վարչապետը կասի իր ասելիքը՝ ընդդիմադիրների ներկայությամբ, եթե նրանք կրկին չփախչեն այդ ճշմարտությունից»,-նշեց պատգամավորը:

Ըստ Հովհաննիսյանի՝ ընդդիմության նպատակն Արցախը փրկելը չէ, ընդդիմության նպատակը իշխանափոխության հասնելն է: «Կոչեր, կենացներ, ճառեր են հնչում Արցախի փրկության մասին: Բայց մարդիկ, Երևանի փողոցներում Արցախի դրոշ տեղադրելով, չեն կարող Արցախը փրկել.  նրանց նպատակը բոլորովին այլ է»,-ասաց նա:

Իսկ հարցին ի պատասխան,  թե իշխանությունը Արցախի հարցի առնչությամբ քննարկում կանի՞ ընդդիմության հետ, նա վստահեցրեց, որ հանրային կերպով, նաև ոչ հանրային կերպով ընդդիմությանն առաջարկել են գնալ, ծանոթանալ տարբեր փաստաթղթերի, տարբեր տեղեկատվություններ ստանալ, որոնք հնարավոր չէ հրապարակային հնչեցնել:

«Երեկ էլ սկսվել էր խոսակցություն, հնչել էր հարց, որին պետք է տրվեր պատասխան, որն, ըստ էության, շատ կարևոր բովանդակություն էր պարունակում: Բայց ընդդիմությունը, ինչպես թվարկածս նախորդ դեպքերում, փախել է ճշմարտությունից: Եթե նրանք մտնեն և ծանոթանան ողջ ճշմարտությանը, չեն կարող դուրս գալ փողոց և «ծակ» բաժակներով կենաց ասել: Ընդդիմության միակ նպատակը իշխանության զավթումն է, բայց նրանք, ըստ էության, տապալվել են: Դա բնական է, որովհետև Հայաստանում ժողովուրդն է իշխանություն, Հայաստանը՝ որպես պետություն, իր ուժային կառույցներով, կառավարությամբ, օրենսդիր մարմնով ամուր կանգնած է իր տեղում և թույլ չի տալու, որպեսզի ժողովրդավարությունն օգտագործեն՝ որպես խուլիգանություններ և անկարգություններ անելու միջոց»,-տեսակետ հայտնեց Հովհաննիսյանը:

ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանն էլ, անդրադառնալով ընդդիմության հիշեցմանը, որ Փաշինյանն ասել է՝ եթե ժողովուրդը կամենա, ինքը կհեռանա, ասաց. «Նման հանրային պահանջ որպես այդպիսին չկա»:

Ըստ պատգամավորի՝ ընդդիմության երթերն ու հանրահավաքները սակավամարդ են, հանրության լայն շերտերը չեն միանում ընդդիմությանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am