Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ում հանդիպել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի տարածաշրջանային տնօրենի հետ

11:19, 6 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Ստիվեն Նիքսի հետ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

Արարատ Միրզոյանը կարևորել էլ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնց նպատակն է աջակցել հանրային կառավարման տարբեր ոլորտներում բարեփոխումների օրակարգին։ Ստիվեն Նիքսը նշել է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտը շարունակելու է իր աշխատանքները՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների աջակցության և կարողությունների զարգացման։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության առաջնահերություններից է ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդումը, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը: Նա նշել է նաև, որ Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում պետական մարմինների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, մարդու իրավունքների վրա հիմնված ներառական զարգացման համար։


© 2009 ARMENPRESS.am