Ինձ առաջարկվող բոլոր կերպարներն ընդամենը երեք օրվա ընթացքում դառնում են սիրելի. Վիվյեն Բաստաջյան

10:27, 10 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Վիվյեն Բաստաջյանը, որը խաղում է թե՛ թատրոնում, թե՛ հեռուստանովելներում, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խոստովանում է՝ «Թողություն» հեռուստասերիալից հետո  դժվարացել է այլ նախագծերում նկարահանվել: Դերասանուհին հիմա իր հեղինակած նախագծի վրա է աշխատում, որն ինչպես ինքն է ասում, աննախադեպ է իր ձեւաչափով եւ ասելիքով:

-Կարծես թե մեր հասարակությունն ավելի շատ հեռուստացույց է նայում, քան թատրոն գնում: Թեև Դուք ավելի շատ թատերական կերպարներ եք կերտել, բայց հանդիսատեսը Ձեզ սկսեց ճանաչել և առավել շատ սիրել՝ «Թողություն» հեռուստանախագծից: Ի՞նչ նոր նախագծերում, ֆիլմերում եք ընդգրկվելու առաջիկայում:

-«Թողություն» հեռուստանովելի գեղարվեստական ֆիլմ տարբերակն արդեն կա և,  ի ուրախություն մեզ, մասնակցում է միջազգային փառատոնների: Ի սկզբանե այդ հեռուստասերիալը եղել է ֆիլմ, հետո Հանրայինը Հովհաննես Գալստյանի հետ որոշեցին նկարահանել նաև այդ 16 մասանոց սերիալը: Գեղարվեստական ֆիլմը  տեսել եմ: Իմ սուբյեկտիվ  կարծիքով՝ հրաշալի ֆիլմ է ստացվել: Դերասանական կազմում նույն մարդիկ են: Այդ հեռուստանովելից հետո չէի կարողանում այլ նախագծի մասնակցել: Առաջարկներ շատ են եղել, բայց ոչ մի տեղ այլևս չփորձեցի ընդգրկվել: Հովհաննես Գալստյանի կնոջ նախագիծն է՝ «Տատիկիս վարսերը», որին մասնակցության հրավեր ունեմ և արդեն գիտեմ՝ ինչ դեր եմ խաղալու: Այս պահին իմ հեռուստատեսային նախագծի վրա եմ աշխատում, որը վստահեցնում եմ՝ աննախադեպ է իր ձևաչափով:

-Ասացիք, որ «Թողությունից» հետո այլևս չցանկացաք որևէ հեռուստանախագծում նկարահանվել, ինչո՞ւ:

-Ես այդ ֆիլմին շատ էի սպասել: Այն այնքան բարձրորակ էր, որ այլևս չէի կարողանում նկարահանվել այլ հեռուստանախագծերում, որոնք փոքրիշատե զիջում էին:

Թատերական ինստիտուտում մի առարկա եմ դասավանդում, որը կոչվում է «Աշխատանք տեսախցիկի հետ»: Այս առարկան ինստիտուտ բերել եմ ես, ինձ հրավիրեց Դավիթ Մուրադյանն ու ասաց, որ անեմ այն, ինչ ուզում եմ: Երբ ես էի սովորում, չկար առակա, որը դերասանին կսովորեցներ՝ ինչպես աշխատել կինոյում: Ինձ համար ինստիտուտի բացը դա էր: Փորձեցի ինքս լրացնել այդ բացը:  Շատ հեշտ է քննադատել և վատաբանել. հենց հիմա կարող եմ խոսել բազմաթիվ բացերի մասին, բայց դա խնդրի լուծում չէ: Պետք է հասկանանք ամենակարևորը՝ խնդիրը: Մեծ կինոն ենթադրում է մեծ գումարներ: Եթե հենց հիմա դերասանները, ռեժիսորները, առհասարակ կինոյի ամբողջ կազմը վարձատրվի շատ բարձր, շատ բան կփոխվի: Այդ ժամանակ պահանջն էլ այլ կլինի, և կոշկակարը, որն իրեն համարում է դերասան, այլևս չի համարձակվի նման հայտարարություն անել:  Այն դերասանները, որոնք իրենց հարգում են, աշխատում են չիջեցնել իրենց նշաձողը: Նախագծերը չեն վճարվում այնքան բարձր, որ բոլոր դերասանները լինեն պրոֆեսիոնալ, ստիպված հրավիրում են մարդկանց, որոնք մինիմալ գումարով համաձայնվում են նկարահանվել: Նկատում եմ, որ սցենարներում էլ են տեղի ունենում շատ տհաճ փոփոխություններ: Ցենզուրա չկա… Հանրային հեռուստաընկերությունը հիմա ինչո՞ւ է այսպես ասած ավելի հաճելի դերասանների ներգրավում, որովհետև նրանց հեռուստանախագծերը ստեղծվում են գրական նյութի հիման վրա: Եթե սցենարիստը հանճար չէ, նրան դերասանի կյանք վստահելը շատ պատասխանատու է: Կերտածդ կերպարը կարող է հիմնովին փոխել մասնագիտական կենսագրությունդ:

-Եվրոպան իր այսպես ասած մտահորիզոնով անծայրածիր հնարավորություններ է բացում դերասանի առջև: Հայաստանը, հայկական միջավայրն ի՞նչ հնարավորություններ են տալիս արտիստին: Գեղարվեստական կյանք կա՞ այստեղ:

-Եվրոպան դերասանին լայն հնարավորություններ է տալիս, որովհետև ունի ուրիշ նախապայմաններ, որոնք մենք չունենք: Մտածողության հարց կա. դերասանի մասնագիտությունը խորապես կախված է հասարակության մտածելակերպից: Երբ ես սկսում եմ իմ առարկան դասավանդել, առաջին դասին ասում եմ՝ պարտավոր ենք ինքներս մեզ ճանաչել, հետո կարողանալ հասկանալ՝ ինչ կարող ենք խաղալ: Ինքնաճանաչման ընթացքում շատ հնարավոր է, որ կարծիքդ դերերի ընտրության հարցում փոխվի: Եվրոպայում կյանքն այլ է, և մարդն իրեն ճանաչելու ավելի լայն հնարավորություններ ունի: Հայաստանում ինքդ քեզ ճանաչելը, բացահայտելն իսկապես շատ բարդ է, որովհետև մեր ազգը զբաղված է ուրիշների կյանքը բացահայտելով, այնինչ, եթե ժամանակդ ծախսես քեզ վրա, չես հասցնի իմանալ, թե ինչ է կատարվում աշխարհում, կզբաղվես քեզ համար նախատեսված գործով:

-Մեզնից յուրաքանչյուրի մեջ երկատված ես կա, ինչպես շատ հաճախ իր ստեղծագործություններում ասում է Հերման Հեսսեն: Եղե՞լ են կերպարներ, դերեր, որոնք կերտելիս հանկարծ հասկացել եք՝ գտաք Ձեր ես-ի մյուս կեսին:

-Դուք տվեցիք այն հեղինակի անունը, որն իմ ամենասիրելիներից է: Շատ դիպուկ և հետաքրքիր հարց էր: Ինքնաբացահայտումը, որի մասին արդեն խոսեցի, մեզ թույլ է տալիս անընդհատ բացահայտել մեզ այն կեսի մեջ, որովհետև մեզ երբեք ոչ մի պատահական դեր չի տրվում: Հնարավոր չէ խաղալ Լեդի Մակբեթ, եթե հոգուդ ինչ-որ անկյունում իրապես  չի ապրում Լեդի Մակբեթը: Ինստիտուտում միշտ խաղացել եմ հզոր, ուժեղ, շատ մեծ էմոցիոնալ դաշտ ունեցող անձանց դերեր: Դիպլոմայիններից մեկում ինձ առաջարկվեց խաղալ շատ խեղճ մոր կերպար «Տունը սահմանի վրա» տրագիկոմեդիայում: Մեկ ամիս տանջվել եմ այդ կերպարի վրա, քանի որ ինձ չէի պատկերացնում այդ կերպարում: Բեմադրող ռեժիսորը՝ Վահան Բադալյանը, ինձ փոխելու միտք անգամ չունեցավ, ես նույնիսկ առաջարկել եմ՝ կլինի, չխաղամ, ասաց՝ ոչ, հենց դու ես խաղալու: Այս կերպարը իմ առաջին ինքնաբացահայտման փորձերից մեկն էր:

-Հայ գրականությունն անսպառ է գեղարվեստական սցենարների իմաստով: Ինչո՞ւ սցենարիստներն ավելի շատ չեն օգտվում հայ գրականությունից՝ ֆիլմեր և թատերական ներկայացումներ ստեղծելիս: Կան կերպարներ, որոնց հասարակությունը պետք է ճանաչի: Ո՞ր գեղարվեստական ստեղծագործությունը կուզեիք բեմ բարձրանար, որում կկերտեիք որևէ հերոսի կերպար:

-Կա մի նախագիծ, որին մասնակցել այլևս չեմ կարող, որովհետև այդ տարիքում չեմ: Ժամանակին իմ սցենարիստ ընկերներից մեկը՝ Աստղիկ Սիմոնյանը, ինձ տվեց Ժան-Իվ Սուսի և Հակոբ Խաչիկյանի «Ամառ առանց այգաբացի» գիրքը: Հարյուր էջ կարդալուց հետո զանգում և ասում էր. «Վիվյեն, դու չես պատկերացնի, թե որքան նման է քեզ Մարոյի կերպարը: Ես քեզնով եմ հասկանում, թե ըստ սցենարի ինչ կարող է անել այդ կերպարը»: Երկար ժամանակ ես մտածում էի, որ դա միակ կերպարն է, որ հենց հիմա կխաղայի: Ինձ առաջարկվող բոլոր կերպարներն ընդամենը երեք օրվա ընթացքում ինձ համար դառնում են ծայրահեղ սիրելի:

Լիանա Սարգսյան

 

 


© 2009 ARMENPRESS.am