Համագործակցության նոր կամուրջ. Սերբիայում հայ համայնքը համաժողովի շրջանակում կհամախմբի հայ ու սերբ գործիչների տարբեր ոլորտներից

09:45, 11 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայում հայ համայնքի նախաձեռնությամբ ընթացիկ տարվա աշնանը կանցկացվի համաժողով, որ կհամախմբի հայ ու սերբ գործիչներին տարբեր ոլորտներից՝ սպորտ, մշակույթ, գիտություն, զբոսաշրջություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սերբիայի հայ ազգային համայնքի նախագահ Բիլիանա Օբրադովիչ-Շախրիմանյանը, ով իր սերբ գործընկերների հետ Հայաստանում էր, նշեց, որ հայ համայնքը ձգտում է ակտիվ միջոցառումներ անցկացնել՝ միավորելով Հայաստանի ու Սերբիայի գործիչներին, մասնագետներին:

«Երկար տարիներ հասարակական մակարդակով Հայաստան-Սերբիա հարաբերությունների սերտացման ուղղությամբ աշխատանք չի տարվել: Ավելին՝ համայնք որպես այդպիսին ձևավորված չի եղել: Հիմա իմ և իմ ընկերների, ջանքերով աշխատանքներ են տարվել համայնքի ձևավորման, միջոցառումների իրականացման ուղղությամբ: Այդ համաժողովը համայնքի ծրագրերից մեկն է, որով փորձ է արվում համագործակցության հարթակ ստեղծել»,-ասաց Բիլիանա Օբրադովիչ-Շախրիմանյանը:

Նրա խոսքով՝ համաժողովի գաղափարն ու նախագիծը քննարկվել է Սերբիայի համապատասխան գերատեսչություններում և հավանության արժանացել: Սերբ գործընկերների հետ Հայաստան այցի նպատակներից մեկն էլ հենց այն էր, որ տեղի գերատեսչություններին ու պաշտոնյաներին ներկայացվի նախագիծը: Այն կրկին հավանության է արժանացել ինչպես Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:

«Մենք ցանկանում ենք, որ համաժողովին մասնակցեն ոչ միայն մշակույթի, գիտության, սպորտի ոլորտի մասնագետները, այլև երկու երկրների պաշտոնյաները: Մեզ համար շատ կարևոր է, որ համաժողովի բացումն արվի Հայաստանից: Երբ Հայաստանից պաշտոնական մարդիկ են գալիս, դա նաև ամրացնում է մեր հայ համայնքի դիրքերը: Նման այցերն այլ շեշտադրում են հաղորդում միջոցառումներին ու նոր հնարավորություններ բացում»,-ասաց Բիլիանա Օբրադովիչ-Շախրիմանյանը: Նա վստահություն հայտնեց, որ տարբեր ոլորտներից Սերբիայի, Հայաստանի գործիչները շատ բան ունեն համատեղ անելու, նրանք կարող են համագործակցել, փորձի փոխանակում իրականացնել, միասին ծրագրեր իրականացնել, տարբեր հարցերում փոխլրացնել միմյանց:   

Բիլիանա Օբրադովիչ-Շախրիմանյանը հավատացած է, որ Հայաստանի ու Սերբիայի միջև համագործակցության ձևավորման, սերտացման, ամրապնդման գործում մեծ դեր կարող է ունենալ հայ համայնքը:

«Քսան տարի հայ համայնք, որպես այդպիսին, չի գործել: 2019 թվականին որոշեցի համակարգված աշխատանք իրականացնել, տեղեկություն հավաքել, շփման, համատեղ աշխատանքի հարթակ ստեղծել, միմյանց ճանաչելու հնարավորություն տալ: Ես 10 տարուց ավելի զբաղվել եմ Սերբիայում հայերի մասին տեղեկություններ հավաքելով:  Այն շատ բարդ գործընթաց է ու ամենօրյա աշխատանք պահանջող, սակայն ես երբեք չեմ հանձնվել և շարունակել եմ սկսածս գործը: Իմ ունեցած  վերջին տվյալներով  Սերբիայում շուրջ 5 հազար հայ է ապրում: Նրանք և՛ ցեղասպանությունից փրկվածների սերունդներ են, և՛ վերջին տարիներին Հայաստանից եկածներ: Կարող եմ ասել, որ հայերը ներկայացված են գրեթե բոլոր ոլորտներում՝ կրթություն, գիտություն, քաղաքականություն, մշակույթ, գործարար համայնք»,- ասաց Բիլիանա Օբրադովիչ-Շախրիմանյանն՝ ավելացնելով, որ ամեն ինչ անում է, որ Սերբիայում Հայաստանի մասին ավելի շատ խոսվի, ճանաչելիությունը մեծանա: 

Այդ գործում իր ներդրումը  կունենա «Borba» մշակութային ամսագիրը, որի գլխավոր խմբագիր Էլենա Ստոյանովիչը ևս այս օրերին Հայաստանում էր: Նա իր տպավորությունները, հավաքագրած տեղեկությունները, Հայաստանի մասին պատմող նյութերը պատրաստվում է ներկայացնել ամսագրում: 

«Երբ գալիս էի Հայաստան, չէի ուզում շատ ինֆորմացիա կարդալ ինտերնետում, ուզում էի տեղում ծանոթանալ: Տպավորված եմ Հայաստանով, եկեղեցիների ճարտարապետությամբ, մշակույթով: Առանձնահատուկ ուզում եմ նշել տեղի բնակիչների ջերմությունը: Շատ մեծ սրտով մեզ ընդունեցին: Վստահաբար կարող եմ ասել, որ այստեղ մեզ զգում ենք ինչպես մեր տանը: Չենք զգում, որ օտար երկրում ենք: Մեծ սիրով մեր ամսագրի հաջորդ համարի 4-6 էջը նվիրելու ենք Հայաստանին»,-ասաց Էլենա Ստոյանովիչը:  

Հայաստանով տպավորված է նաև Սերբիայի Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ծրագրի ղեկավար Դարկո Օբրադովիչը:  Նրա խոսքով՝ հետաքրքրված են գիտության ոլորտում հայ մասնագետների հետ համագործակցության հարցում:

«Մենք ունենք միջազգային գործընկերների հետ համագործակցության մեծ փորձ: Հայաստան այցելության նպատակն է գտնել գործընկերներ, որոնք հետաքրքրված կլինեն գիտության ոլորտում համագործակցության հարցում: Համատեղ աշխատանքով կարող ենք արձագանքել ժամանակակից մարտահրավերներին: Գործընկերներ գտնելու հարցում շատ կարևոր նախաձեռնություն է աշնանը սպասվող համաժողովը, որը համախմբելու է տարբեր ոլորտների ներկայացուցիչներին: Երբ գիտնականները, մշակույթի գործիչները, տարբեր ոլորտների մասնագետները սկսեն խոսել, վստահ եմ, որ պաշտոնյաները ևս կհետևեն նրանց»,-ասաց Դարկո Օբրադովիչը:

Նա համոզված է, որ երկու երկրների ժողովուրդները շատ ընդհանրություններ ու հարուստ փորձ ունեն և համատեղ աշխատանքի մեծ հնարավորություններ կան:

Աննա Գզիրյան


© 2009 ARMENPRESS.am