Շիրակի մարզպետի տեղակալը և ոլորտային պատասխանատուներն այցելել են Ամասիա խոշորացված համայնք

18:24, 11 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն ու ոլորտային պատասխանատուները մայիսի 11-ին այցելել են Ամասիա խոշորացված համայնք։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի ուղեկցությամբ աշխատանքային խումբը սկզբում եղել է այն տարածքում, որտեղ առաջիկայում կառուցվելու է Ջրաձոր բնակավայրը. այդ նպատակով հատկացվել է 40 հա հողատարածք և կառուցվելու է 75 բնակարան։ Այժմ ընթանում է հողի նպատակային փոփոխության գործընթացը։

«Այնուհետև պատասխանատուները հետևել են Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման» ծրագրի շրջանակներում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, իրականացվել է շուրջ 100 մլն դրամի աշխատանք: 2022-ին շինաշխատանքների իրականացման համար հատկացվել է 400 մլն դրամ: Ծրագիրը կավարտվի 2023-ին:

Հաջորդ կանգառը Զարիշատ բնակավայրում է եղել, որտեղ քննարկվել են համայնքի 2021-ին իրականացված և 2022-ին նախատեսված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, հետևել Զարիշատում իրականացված աշխատանքներին։ «Աղվորիկ, Արդենիս և Զարիշատ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 32 մլն 867 դրամ, որից պետության համամասնությունը կազմում է 50%։ Աղվորիկ և Արդենիս համայնքային կենտրոններում իրականացվել է աշխատանքների 95տոկոսը, իսկ Զարիշատի համայնքային կենտրոնում՝ 40: Ծրագիրը տեղափոխվել է 2022թ։ «Աղվորիկ, Բերդաշեն, Զարիշատ, Զորակերտ գյուղական համայնքների ջրագծի կառուցում» սուբվենցիոն ծրագրի մասով Զորակերտում հանդիպման ժամանակ բնակիչները դժգոհել են, որ նոր կառուցված ջրագծով ջուրը չի հասնում տեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Ամասիայում 2021-ին սուբվենցիոն ծրագրով իրականացվել են նաև բնակավայրի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 28մլն 850 հազար դրամ է կազմել, որից կառավարության համամասնությունը կազմել է 40 տոկոս։

2022-ին Ամասիան սուբվենցիոն հայտեր է ներկայացրել ճանապարհների նորոգման, Բերդաշեն և Գառնառիճ բնակավայրում փողոցային լուսավորության անցկացման համար, քննարկվում է նաև Զորակերտ բնակավայրում մանկապարտեզի շենքի վերանորագման ծրագրի ամբողջական փաթեթի ներկայացման հարցը։

Նշվում է, որ «Ամասիայի մանկական արվեստի դպրոցում» պատասխանատուներին է ներկայացվել դպրոցի գործունեության մասին։ Մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են նաև Ամասիայի բրդի գործարանում, մանկապարտեզում և մարզադպրոցում։

Աշխատանքային այցի ժամանակ քննարկվել են համայնքի սեփական եկամուտների կատարմանը առնչվող հարցեր։

 


© 2009 ARMENPRESS.am