Նիդերլանդները կշարունակի պայքարել, որ հայ գերիները ապահով վերադառնան հայրենիք. Մարկ Ռութե

22:19, 11 Մայիս, 2022

ՀԱԱԳԱ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռութեն վստահեցնում է, որ Նիդերլանդները կշարունակի պայքարել այն ուղղությամբ, որ հայ գերիներն Ադրբեջանից ապահով վերադառնան հայրենիք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռութեն այս մասին ասաց Նիդերլանդներում ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:

«2020-ի աղետալի պատերազմը բոլորիս համար պարզ դարձրեց, որ վերջնական խաղաղությունը շատ կարևոր է: Դրա համար էլ այդքան ուրախ ենք, որ Հայաստանի վարչապետ կողմից ինտենսիվ երկխոսություն է տեղի ունենում Ադրբեջանի հետ»,-ասաց նա՝ նկատելով, որ դրանք շատ դժվար զրույցներ են:

Վարչապետը կարծիք հայտնեց, որ տևական խաղաղությունն իրագործելի է, և Հայաստանն ու Ադրբեջանը միայն այդ տևական խաղաղության պայմաններում կարող են տարածաշրջանում ապրել:  Նա նշեց, որ Ուկրաինայի պատերազմը ևս իր ազդեցությունն ունի Մինսկի խմբի 3 համանախագահների վրա: 

Նա խոսեց նաև ԵՄ-ի ակտիվության մասին, ԵԽ նախագահ Շառել Միշելի դերակատարության մասին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առումով: Նիդերլանդների վարչապետը բռնությանը վերջ տալու, լարվածությունը թուլացնելու և կոնֆլիկտը խաղաղության սեղանի շուրջ լուծելու կոչ արեց:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից պահվող գերիների վերաբերյալ հարցին՝ Նիդերլանդների վարչապետն ասաց. «Նիդերլանդները կշարունակի պայքարել այդ ուղղությամբ, որ այդ գերիները կարողանան ապահով կերպով վերադառնալ իրենց հայրենիք»:

 


© 2009 ARMENPRESS.am