Կառավարությունը սահմանել է կրթական մրցանակներ ՏՏ ոլորտի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար

14:48, 13 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել է կրթական վեց մրցանակ: Բուհերի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար նախատեսված մրցանակները կշնորհվեն ամեն տարի: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը» հաստատվել է ՀՀ կառավարության՝ մայիսի 13-ին կայացած նիստում:

Սահմանվել են կրթական մրցանակները, պարգևատրման չափը և մրցանակների քանակը` ըստ անվանակարգերի:

Լավագույն ուսանողների համար.

 

Լավագույն սովորողների համար.

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակների մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացնում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը՝ համաձայն ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի։

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանը կներկայացնի ընտրություն կատարող հանձնաժողովի կազմը:

ԿԳՄՍ նախարարին հանձնարարվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատել ՏՏ բնագավառում կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը, լավագույն ուսանողների կրթական մրցանակների մրցանակաբաշխության մասնակից բուհերի և հանրակրթական դպրոցների ցանկերը:

Համաձայն կարգի` մրցանակին կարող են հավակնել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ ուսանողները և 10-12-րդ դասարանների աշակերտները, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն, մասնակցել են ՏՏ ոլորտի նորարարական նախագծերի և մրցույթների, ունեն տպագրված հոդվածներ։

Մրցանակի հավակնորդները դիմումները ներկայացնում են իրենց բուհի կամ դպրոցի ղեկավարությանը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքում և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված հայտարարության հիման վրա:

Ուսումնական հաստատությունների ղեկավարությունը լավագույն տասը հավակնորդների փաստաթղթերը 5-օրյա ժամկետում ներկայացնում է մրցանակաբաշխության հանձնաժողովին, որը կատարում է հաղթողների վերջնական ընտրությունը` ըստ հավակնորդների հետ անցկացվող անհատական հարցազրույցների և սահմանված պահանջների բավարարման արդյունքների:


© 2009 ARMENPRESS.am