Կրակոցներ Երևանում. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

15:10, 13 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նոր Նորք վարչական շրջանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով երեք քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քննչական կոմիտեն դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Միջադեպը տեղի է ունեցել Նոր Նորքի 4-րդ զանգվածում:

Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 13-ին՝ ժամը 00:50-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ կան արյան հետքեր, կրակված փամփուշտներ և ավտոմեքենա:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ  գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում Նոր Նորքի 4-րդ զանգվածի Ա.Հովհաննիսյան փողոցի հարակից տարածքներից հայտնաբերվել և վերցվել են 19 կրակված պարկուճ, 2 կրակված գնդակ և 1 փամփուշտ, ինչպես նաև հայտնաբերվել են արնանման հետքեր: Հայտնաբերվել է նաև «Porsche» մակնիշի ավտոմեքենա՝ կրակված գնդակի հետևանքով առաջացած վնասվածների հետքերով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am