Արարատ Միրզոյանը հանդիպել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարի հետ

16:24, 13 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուշանբեում հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից: 

Արարատ Միրզոյանը և Սիրոջիդդին Մուխրիդդինը գոհունակություն են հայտնել փոխըմբռնման և փոխվստահության վրա հիմնված երկկողմ համագործակցության մակարդակի կապակցությամբ։ Նշվել է նաև, որ այս տարի լրանում է հայ-տաջիկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը լավ առիթ է՝ ամփոփելու արձանագրված ձեռքբերումները և նախանշելու փոխգործակցության ընդլայնմանը միտված նոր ուղղություններ։

Հայաստանի ու Տաջիկստանի միջև քաղաքական կապերի ամրապնդման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացումը։

Առանձնահատուկ ընդգծվել  է առևտրատնտեսական փոխգործակցության ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ ջանքերի ներդրումը, և այս առումով կարևորվել է հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը։

Կողմերը քննարկել են նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր։


© 2009 ARMENPRESS.am