«Եվրատեսիլ-2022»-ում Ադրբեջանի ու ևս 5 երկրների ժյուրիի ձայները չեղյալ են հայտարարվել

20:31, 15 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում Ադրբեջանի ու ևս 5 երկրների ժյուրիի ձայները չեղյալ են հայտարարվել մանիպուլյացիայի և մրցույթի կանոնները խախտելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման որոշում է կայացրել Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը «Եվրատեսիլի» կազմակերպիչն է։

Բացի Ադրբեջանից, չեղյալ են հայտարարվել նաև Վրաստանի, Չեռնոգորիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիների ձայները;

Նշվում է, որ փոխարենը հաշվարկվել և օգտագործվել է յուրաքանչյուր երկրի համար միջինացված արդյունքը։

«ԵՀՄ-ն չափազանց լուրջ է վերաբերվում «Եվրատեսիլ»-ում քվեարկության մանիպուլյացիայի ցանկացած ենթադրյալ փորձերին եւ իրավունք ունի չեղարկել նման ձայները՝ պաշտոնական քվեարկության կանոններին համապատասխան, անկախ նրանից, թե նման ձայները կարող են ազդել քվեարկության արդյունքների և/կամ ելքի վրա», - ասված է ԵՀՄ-ի հայտարարության մեջ:

«Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթում հաղթող է ճանաչվել Ուկրաինան, որը ներկայացրեց Kalush Orchestra-ն` «Stefania» երգով:

Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է,  երրորդ տեղում՝ Իսպանիան:

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 14-ին Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում: Այն հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Մրցույթը մեկնաբանեցին Գարիկ Պապոյանն ու Հրաչուհի Ութմազյանը:

Քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը «Snap» երգով վաստակեց 61 միավոր և զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը:

 


© 2009 ARMENPRESS.am