80 տարի անց Երևանում կրկին հնչեց Լենինգրադյան սիմֆոնիան` նվիրված Հաղթանակի օրվան

13:57, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Ա․ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ կատարեց Դմիտրի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Դոմ Մոսկվի» կենտրոնից, Հայրենական մեծ հաղթանակի 77-ամյակին նվիրված համերգի աջակիցներն էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական միջազգային կապերի դեպարտամենտը, Հայրենակիցների մոսկովյան տունն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։  

Համերգին ներկա էին  ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, գիտության և մշակույթի գործիչներ:

Դմիտրի Շոստակովիչի 7-րդ՝ Լենինգրադյան սիմֆոնիան ներկայացնում է պայքարի և հաղթանակի բերկրանքը։ Շոստակովիչն իր հռչակավոր ստեծագործությունը գրել է շրջափակման մեջ գտնվող Լենինգրադում, և առաջին անգամ այն հնչել է պատերազմի ամենածանր օրերին՝ 1942 թվականին, շրջափակված քաղաքի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: 

Ստեղծագործությունը Երևանում կատարելու գաղափարը ծնվել է նախորդ տարի, երբ «Դոմ Մոսկվի» կենտրոնը  նշում էր հաղթանակի 76-րդ տարեդարձը։

«Նախորդ տարի մեր նախաձեռնած տոնական համերգին հնչեցին պատերազմի ժամանակ գրված ստեղծագործություններ, որոնց թվում էր նաև 7-րդ սիմֆոնիան, որն անչափ հուզել էր ինձ։ Երբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ քննարկում էինք Հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ համատեղ համերգը, նա նույնպես առաջարկեց կատարել հենց Լենինգրադյան սիմֆոնիան… Հայրենական պատերազմում հաղթանակը ամբողջ խորհրդային ժողովրդի ձեռքբերումն էր։ Բոլորը գիտեն և հիշում են պատերազմի ավելի քան 600.000 մասնակից և Խորհրդային Միության ավելի քան 100 հերոս ունեցող հայ ժողովրդի սխրանքների մասին։ Մենք չենք կարող մոռանալ այն հերոսներին, որոնք զոհվել են, որպեսզի մենք շարունակենք ապրել ու արարել», - նշել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն, ընդգծելով, որ կենտրոնը մեծ աշխատանք է իրականացնում կատարված սխրանքների հիշողությունները պահպանելու և սերունդներին փոխանցելու գործում։

Շոստակովիչը պատմել է, որ սիմֆոնիան գրել է ավելի արագ քան նախորդ ստեղծագործությունները։ Կոմպոզիտորը սկսել է աշխատել պատերազմի առաջին օրը, իսկ արդեն 1942-ի մարտի 5-ին Կույբիշևում տեղի է ունեցել սիմֆոնիայի պրեմիերան՝ սկիզբ դնելով հաղթական երթին։ Նույն թվականին Երևանի օպերային թատրոնի դիրիժոր Միքայել Թավրիզյանի ջանքերով սիմֆոնիան ներկայացվեց Երևանում։ Կատարումն իսկական իրադարձություն էր քաղաքի հասարակական-մշակութային կյանքում։ 80 տարի անց լեգենդար ստեղծագործությունը կրկին հնչեց Երևանում։

«Հաղթանակի օրը կարևոր տոն է բոլորիս համար։ Իմ պապը ՝ Էդուարդ Թոփչյանը, նույնպես Հայրենական պատերազմի մասնակից է և մենք չէինք կարող շրջանցել այդ իրադարձությունը։ Երբ քննարկում էինք համատեղ համերգը,  առաջարկեցի կատարել հենց այս սիմֆոնիան։ Այն լավագույնս արտացոլում է օրվա սիմվոլիզմն ու նշանակությունը», – նշել է Էդուարդ Թոփչյանն՝ ընդգծելով, որ ստեղծագործությունը կընդգրկվի իրենց երգացանկում։

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, կիսվելով իր տպավորություններով, ասել է, որ 7-րդ սիմֆոնիան առավել ամբողջական արտացոլում է այն հզորությունը, ոգու ուժը, որ դրսևորեցին մեր պապերը պատերազմի ժամանակ՝ կատարելով անմահ սխրանքներ և ազատելով աշխարհը ֆաշիստական ժանտախտից։ Այս տեսակի գործերը մեզ ոգեշնչում են նոր հաղթանակների:

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը մայիսի 6-15-ը լայնամասշտաբ ծրագրով նշում էր Մեծ Հայրենական պատերազմի Հաղթանակի 77-ամյակը։ 


© 2009 ARMENPRESS.am