Հայաստանի պետական կամերային նվագախումբը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջազգային փառատոնի

17:53, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը Մոսկվայում կմասնակցի Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին, որն անցկացվելու է մայիսի 17-ից 20-ը: Նվագախումբը դիրիժոր Անտոն Շաբուրովի ղեկավարությամբ մայիսի 18-ին Մոսկվայի Ֆիլհարմոնիայի Չայկովսկու անվան դահլիճում հանդես կգա համերգով՝ կատարելով հայ և օտարազգի հանրահայտ հեղինակների ստեղծագործություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանն ասաց՝ 2022-ին փառատոնն անցկացվում է «Մոսկվայի մենակատարներ» կամերային անսամբլի հիմնադրման 30-ամյակի առթիվ: Ե՛վ անսամբլի, և՛ փառատոնի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Յուրի Բաշմետն է:

Նա հիշեցրեց, որ 2022-ին նշվում են Հայաստանի պետական կամերային նվագախմբի 60, Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակները:

«Մայիսի 18-ի համերգին որպես մենակատար ելույթ կունենա դաշնակահար Սոնա Բարսեղյանը, իսկ մայիսի 19-ին կայանալիք հոբելյանական երեկոյին Մոսկվայի Պ․Ի․ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում հանդես կգան մասնակից հինգ նվագախմբերը, այդ թվում՝ ՀՊԿՆ-ը: Կհնչեն հատուկ այդ օրվա համար գրված ստեղծագործությունները»,-հայտնեց նա ու հավելեց՝ նման փառատոնները փորձի փոխանակման, այլ նվագախմբերի հետ համագործակցելու, կամերային երաժշտությունը, հայ կոմպոզիտորներին հանրահռչակելու հրաշալի հարթակներ են:

Դիրիժոր Անտոն Շաբուրովը, որն առաջին անգամ չէ համագործակցում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, տեղեկացրեց՝ մենահամերգին կատարելու են Անտոն Արենսկու, Բախի, Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները. կլինեն նաև անակնկալներ:

«Նվագախմբի հետ փորձերն արդեն մեկնարկել են: Չեմ ցանկանում ամպագոռգոռ բառեր ասել, սակայն պետք է խոստովանեմ, որ հմայված եմ նվագախմբով: Հավատացեք՝ բավականին բացառիկ համադրություն է, երբ երաժիշտներն իսկապես կարողանում են նվագել, փայլուն տիրապետում են գործիքներին ու անկեղծ ցանկանում են լավ հանդես գալ: Կան բազմաթիվ նվագախմբեր, որոնք հրաշալի են նվագում, բայց երբեմն չեն վստահում երիտասարդ դիրիժորին ու պաշտոնական են մոտենում: Կան նվագախմբեր, որոնք շատ են ուզում լավ ներկայանալ, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվում: Ստիպված ես հարմարվել նրանց հնարավորություններին: Մենք՝ դիրիժորներս, շատ ենք գնահատում, երբ նվագախումբը և՛ կարողանում է նվագել, և՛ երաժիշտները շատ են ցանկանում դա լավ անել: Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտները կարող են և ձգտում են լավագույնս ներկայանալ»,-շեշտեց դիրիժորը:

Շաբուրովին գրավում է նաև այն փաստը, որ նվագախմբի անգամ այն երաժիշտները, որոնք ժամանակին հնարավորություն են ունեցել հենց Էդվարդ Միրզոյանի ներկայությամբ կատարելու նրա Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար ստեղծագործությունը, դիրիժորի հետ քննարկում ու դրական են ընդունում երաժշտության վերաբերյալ նրա մոտեցումներն ու հայացքները, ինչի արդյունքում այն նոր գույներ է ստանում:

Ըստ Անտոն Շաբուրովի՝ տարբեր նվագախմբերի հետ հաջող համագործակցելու համար յուրաքանչյուր դիրիժոր բացի պրոֆեսիոնալ, պատրաստված, առաջնորդին հատուկ ունակություններ ունենալուց, պետք է կարողանա ճիշտ հաղորդակցվել ու հասկանալ մարդկանց հոգեբանությունը, քանի որ գործ ունի անհատների հետ, պետք է փորձի ընկերանալ երաժիշտների հետ, հասկանալ նրանց լեզուն, դիվանագետ լինել:

Նվագախմբի՝ փառատոնին մասնակցությանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Փառատոնից հետո Հայաստանի պետական կամերային նվագախումբը մայիսի 30-ին համերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ համագործակցելով իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի հետ: Կներկայացնեն «Բիթլսի» և Ֆրենկ Սինատրայի լավագույն ստեղծագործությունները, որոնց գործիքավորումն իրականացրել է իտալացի տրոմբոնահար Մասսիմո Մորգանտին: Կլինեն համագործակցություններ նաև այլ երաժիշտների և կոմպոզիտորների հետ:

Անժելա Համբարձումյան

 

 

 


© 2009 ARMENPRESS.am