Հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամների փոխարեն հանդես կգան Երևանի դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները

16:52, 17 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022թ. հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ կիրականացվի «Քաղաքապետը` երեխաների համար» խորագրով միջոցառում՝ Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստ, որը կանցկացվի Երևանի քաղաքապետի կողմից, և ավագանու անդամների փոխարեն հանդես կգան Երևանի դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը մասնակցելու համար Երևանի 9-րդ դասարանի աշակերտը պետք է պատրաստի զեկույց, որում կներկայացնի Երևանի միջավայրի հարմարեցման կամ մատչելիության, կամ կրթության, կամ քաղաքի արտաքին ձևավորման, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ թեմաներ:

Զեկույցին ներկայացվող պահանջներն են.

զեկույցը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.

ներածական մաս (հիմնախնդրի նկարագրություն, նպատակ, խնդիրներ),

հիմնախնդրին առնչվող առկա իրավիճակը, պատճառներն ու հետևանքները,

խնդրի առաջարկվող լուծումը և ակնկալվող արդյունքը,

զեկույցը պետք է լինի հայերեն և առավելագույնը 300 բառ ծավալով (չգերազանցի 1 էջը):

Հավաքված բոլոր զեկույցներից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում ձևավորված բազմամասնագիտական աշխատանքային խումբը կընտրի լավագույն 64 զեկույցները ներկայացրած աշակերտներին, որոնք կհրավիրվեն մասնակցելու ավագանու նիստին:

Քաղաքապետարանի գործող ավագանու անդամներից, ինչպես նաև հրավիրված այլ փորձագետների կողմից կգնահատվեն ներկայացված զեկույցները, և առավելագույն միավորներ ստացած զեկույցների հեղինակները հնարավորություն կունենան իրենց զեկույցը ներկայացնել երեխաների մասնակցությամբ իրականացվող ավագանու նիստին:

Մասնակցության համար զեկույցը պետք է ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 20-ի օրվա ավարտը՝ լրացնելով հայտի ձևաթղթի բոլոր դաշտերը`

Կդիտարկվեն միայն այն զեկույցները, որոնք կհամապատասխանեն ներկայացված բոլոր չափանիշներին:

 


© 2009 ARMENPRESS.am