Այս տարի փորձելու ենք նաև ռուսալեզու բովանդակություն ներմուծել. «ԲարՔեմփ Երևան»  

10:26, 18 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսը, անգլերենից բացի, պատրաստվում է ռուսալեզու բովանդակություն ևս ունենալ։ Կլինեն արտասահմանցի բանախոսներ և հյուրեր։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «ԲարՔեմփի» համահիմնադիր Արթուր Պապյանը։  

Վերջինս վստահեցրեց, թե մարդիկ գիտեն ինչ ակնկալել «ԲարՔեմփից»։ Այս տարվա «ԲարՔեմփ Երևանը», ինչպես նախորդ տարիներին, անցկացվելու է Ամերիկյան համալսարանում։ Քանի որ նախորդ տարիներին, համավարակով պայմանավորված, սահմանափակումներ կային, այս տարի, Պապյանի խոսքով, բավական ջանքեր են գործադրել, որպեսզի (չ)կոնֆերանսին ներկա լինեն նաև օտարերկրացի հյուրեր, բանախոսներ և մասնակիցների հետ կիսեն իրենց միջազգային փորձը։  

«Ամեն տարի կոնկրետ ուղղվածություն ունենք։ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում կան արտասահմանցիներ։ Ենթադրաբար կլինեն նաև թեմաներ կոնկրետ այդ համայնքի համար։ Եվ այս տարի, անգլերենից բացի, փորձելու ենք նաև ռուսալեզու բովանդակություն ներմուծել, որպեսզի կարողանանք այդ համայնքին էլ ներգրավել»,- նշեց նա։  

«ԲարՔեմփ Երևանը» կազմակերպվում է հայաստանյան տեխնոլոգիական և մեդիա համայնքի համար։ Այս տարի քննարկվելու են տեխնոլոգիական, մեդիա ոլորտների, որոնողական համակարգերի օպտիմիզացիա, ՍՄՄ թեմաները։ 

«ԲարՔեմփին» ավանդաբար ներկա են լինում ծրագրավորողներ, ստարտափ գործարարներ, մեդիաոլորտի ներկայացուցիչներ, արտադրանքի մենեջերներ, մարկետինգի մասնագետներ և այլք։ Պապյանը շեշտեց՝ փորձ են անելու տեխնոլեգիական և մեդիաոլորտին առնչվող մարդկանց բերել մի հարթակ, որ նրանք կիսվեն իրենց գիտելիքներով։

«Նախատեսվում են 7 զուգահեռ սենյակներում համաժամանակյա շնորհանդեսներ։ «ԲարՔեմփի» օրակարգի մի մասը մենք են կազմում։ Այդ մասի մեջ են մտնում խորացված գիտելիքներով աշխատարանները։ Այս տարի նախնական գրանցումը լինելու է միայն խորացված աշխատարանների և պանելային քննարկումների համար, իսկ սովորական զեկույցները կարող են գրանցվել տեղում»,- պարզաբանեց Պապյանը։ 

Համահիմնադիրը կարևորեց նաև, որ ամեն ինչ ուղիղ նկարահանվում, հեռարձակվում է։ Նկարահանված կոնտենտը մոնտաժվում և հրապարակվում է «ԲարՔեմփի» յութուբյան կայքում։ 

«Ամեն տարի ես տեսնում եմ, թե ինչպես են մեր յութուբյան հոլովակների դիտումներն ավելանում։ ՏՏ ոլորտի հայալեզու կոնտենտ դժվար է գտնել։ Դրանք շատ արժեքավոր են մեզ համար»,- առանձնացրեց Պապյանը։ 

Հունիսի 18-19-ը Երևանում կանցկացվի «ԲարՔեմփ Երևան» 2022 թվով 13-րդ (չ)կոնֆերանսը։

Այս տարվա հեշթեգը #BarCampEVN22-ն է։

(Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

Հայաստանում «ԲարՔեմփն» անցկացվում է 2009 թվականից: 2020 թվականին «ԲարՔեմփ Երևան» չէր անցկացվել՝ համավարակի պատճառով:

 Կարինե Տերտերյան


© 2009 ARMENPRESS.am