«Արմմոնո» փառատոնին Արմեն Քուշքյանը ներկայացրեց «Համլետի երազները» բեմադրությունը

13:52, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Արմմոնո» 20-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում Հայաստանի թատերական գործիչների միությունում դերասան Արմեն Քուշքյանը ներկայացրել է Նինա Մազուրի պիեսի հիման վրա բեմադրված «Համլետի երազները» մոնոներկայացումը, որի ռեժիսորը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է:

«Արմենպրես»-ը հաղորդմամբ,  դերասանը խոստովանում է՝ մոնոներկայացումը ինքն իրեն ստուգելու, դերասանական հնարավորությունները բացահայտելու, փորձն ամփոփելու հնարավորություն է տալիս: Նրան հետաքրքիր է եղել՝ կարո՞ղ է բարձրացնել ծանրաձողը, թե՞ ոչ:

«Համլետի երազները» բեմադրելու առաջարկը Նինա Մազուրինն է եղել: Ընտրել են հենց այդ գործը, քանի որ այն հետաքրքիր շեշտադրումներ ունի: «Շեքսպիրի Համլետի հարցը հետևյալն էր. «Լինե՞լ, թե՞ չլինել», իսկ Մազուրը այլ տեսանկյունից է մոտենում խնդրին՝ լինե՞լ բոլորի նման, թե՞ չլինել բոլորի պես. ինչպե՞ս կվարվեր Համլետն այդ դեպքում»,- ասում է դերասանը:

Քուշքյանը երբեք չի երազել մարմնավորել Համլետի կերպարը, և Մազուրի պիեսը ներկայացնելիս անդրադառնում է սովորական մարդու, երիտասարդի, որը վերոնշյալ խնդրի առաջ է կանգնել: «Ես չեմ խաղում որպես Շեքսպիրի Համլետ՝ չնայած կրքերը շեքսպիրյան են»,-ընդգծում է Արմեն Քուշքյանը:

Խոսելով Վահե Շահվերդյանի հետ համագործակցության մասին՝ դերասանը հիշեցնում է՝ վերջինս իր վարպետն է, որի արվեստանոցն է ավարտել: «Շահվերդյանի հետ աշխատելը գերագույն հաճույք է: Այս համագործակցության մեջ ինձ դուր եկավ այն, որ Շահվերդյանն ինձ հնարավորություն տվեց ինչ-որ բաներ ինքնուրույն անել: Միասին աշխատեցինք առաջին տեսարանի վրա, և նա գնաց Վանաձոր: Երբ մի քանի օրից վերադարձավ, խնդրեցի նայել վերափոխված տարբերակը: Ինչ-որ բաներ խմբագրեցինք, շտկեցինք, որոշ բաներ էլ պահպանեցինք: Ինձ լավ եմ զգում, որ նա ինձ վստահում է»,- անկեղծանում է դերասանը:

Ներկայացման գործողությունները ծավալվում են գերեզմանափոսում, որտեղ հայտնվել է Համլետը: Հերոսն ասես երկխոսում է մահացածների հետ, բանավիճում, տալիս հարցեր, որոնց պատասխանները չի ստանում: «Մի անգամ Վահե Շահվերդյանին ասացի՝ Համլետը հիշեցնում է Լևոն Շանթի «Հին աստվածներ» ստեղծագործության Ճերմակավորին, որը որքան խորն է փոս փորում ճշմարտությունը գտնելու համար, այնքան  փոսն ավելի դատարկ  է լինում: Մենք ևս պատասխաններ չենք տալիս, բարձրաձայնում ենք հարցերը, փորձում ենք գտնել պատասխաններ և այդպես էլ չենք գտնում: Հանդիսատեսն ինքը պետք է որոշի լինե՞լ բոլորի նման, թե՞ չլինել, որովհետև մեր ներկայացման մեջ երկու ճանապարհներն էլ բերում են դատարկության, անհայտության ու կործանման»,- շեշտում է դերասանն ու հավելում՝ կյանքում էլ է այդպես. երբ բոլորի նման ես, քեզ չես գտնում, երբ բոլորի նման չես, կրկին կանգնում ես պատի առաջ, որտեղ մենակ ես, չհասկացված ես:

Թատերասերը ներկայացումը դիտելու հնարավորություն կունենա նաև հունիսի 2-ին և 12-ին:  «Միշտ կարծել եմ, որ երիտասարդ դերասանը մոնոներկայացում խաղալու իրավունք չունի: Մտածել եմ, թե ի՞նչ կուտակումներ, ապրումներ, փոթորիկներ պետք է լինեն երիտասարդ արվեստագետի ներսում, որ նա կարողանա հետաքրքրել հանդիսատեսին: Պարզվեց՝ երիտասարդ տարիքում էլ հնարավոր է այնպես փոթորկվել, որ քեզ հասկանան ու ընկալեն»,- եզրափակեց Արմեն Քուշքյանը:

2022-ին «Արմմոնո» փառատոնն անցկացվում է մայիսի 17-21-ը Երևանում:  Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոդոկ: ժամանել են մասնակիցներ Հունաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Լիտվայից, Վրաստանից, Ալբանիայից, Ուզբեկստանից: Ցուցադրվելու է 27 մոնոներկայացում:

Անժելա Համբարձումյան

 


© 2009 ARMENPRESS.am