ՀՀ ՄԻՊ-ը և Freedom House-ի տարածաշրջանային ծրագրերի տնօրենը համագործակցության նոր հնարավորություններ են նախանշել

18:38, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 19-ին ընդունել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է գործընկերոջը ՄԻՊ աշխատակազմում՝ անդրադառնալով թե Պաշտպանի առաքելության մարտահրավերներին և թե մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթություններին։

Մարկ Բեհրենդտն իր հերթին վստահություն է հայտնել, որ Քրիստիննե Գրիգորյանն իր կարևոր նպաստը կբերի Պաշտպանի գրասենյակի ինստիտուցիոնալ զարգացման գործում։

Պաշտպանը ներկայացրել է պատերազմի հումանիտար հետևանքների վերացման հարցերին, հատկապես գերիների ու անհետ կորած անձանց հայրենադարձման ու անհետ կորած անձանց ընտանիքներին օգտակար ու պատասխանատու տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը։

«Գործունեության առաջնահերթությունների շրջանակում Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է նաև ատելության խոսքի դեմ պայքարի, խտրականության բոլոր ձևերի բացառման և կանանց իրավունքների պաշտպանության իր նպատակադրմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Մարկ Բեհրենդտի հարցմամբ Պաշտպանն անդրադարձել է նաև այս օրերին հավաքների ազատության իրավունքի իրացման ընթացքի խնդիրներին, մարդու իրավունքների խախտումների դեպքերով ՄԻՊ աշխատակազմի լիազորություններին, գործիքակազմին և իրականացվող աշխատանքներին։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը մարդու իրավունքների պաշտպանությանը միտված համագործակցությունը խորացնելու նոր հնարավորություններ են նախանշել։


© 2009 ARMENPRESS.am