«‎Բաց կառավարման առաջնորդ կանայք»‎ միջոցառմանը քննարկվեց կանանց դերը ՀՀ- ում իրականացվող բարեփոխումներում

19:18, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բաց կառավարման շաբաթ»‎ նախաձեռնության շրջանակներում Հայաստանում անցկացվեց «‎Բաց կառավարման առաջնորդ կանայք»‎ միջոցառումը, որի ընթացքում առաջնորդ և որոշումներ կայացնող կանայք  քննարկեցին իրենց դերը բարեփոխումների իրականացման հարցում, մարտահրավերները և ձեռքբերումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցում էին  Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ)  վաշինգտոնյան գրասենյակի պատվիրակությունը, որը գլխավորում է տարածաշրջանային տնօրենի տեղակալ Շրեյա Բասուն,  պետական կառավարման համակարգի, քաղաքացիական հասարակության, և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վարչապետի աշխատակազմի Բաց կառավարման գործընկերության ԲԿԳ Հայաստանյան նախաձեռնության համակարգող Լիլիա Աֆրիկյանը նշեց, որ Հայաստանը հանդիսանում է Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության անդամ 2011 թվականից։ Մայիսի 17-21-ը հայտարարված է «Բաց կառավարման շաբաթ»‎ մասնակից 78 երկրներում և 56 տեղական ինքնակառավարման մարմիններում:

Նա նշեց, որ Բաց կառավարման գործընկերությունը միջկառավարական նախաձեռնություն է, որը մեկնարկել է 8 կառավարությունների կողմից՝ մասնավորապես ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Մեքսիկա, Ֆիլիպիներ և Հարավային Աֆրիկա, նպատակն է՝ կառավարման համակարգը դարձնել բաց, թափանցիկ,  հաշվետու, և որ ամենակարևորն է՝ մասնակցային և նորարար:

«Բաց կառավարման շաբաթ»‎-ի շրջանակում այսօր փորձել ենք մեկ հարթակում հավաքել այն կանանց, ովքեր մասնակցություն են ունեցել Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) օրակարգի իրականացման հարցում, իսկ օրակարգի հարցերը հիմնականում վերաբերվում են բարեփոխումներին: Ներգրավել ենք օրենսդիրից, գործադիրից, քաղաքացիական հասարակությունից և միջազգային կազմակերպություններից այն կանանց, ովքեր իրենց ջանքերը ներդրել են մի շարք բարեփոխումներ իրականացնելու համար»,-ասաց Լիլիա Աֆրիկյանը:

Նա հավելեց, որ կառավարություն-քաղաքացիական հասարակություն վստահությանը հասնելու համար, պետք է հետևել թափանցիկության, հաշվետվողականության սկզբունքներին և ներդնել նորարարություն՝ ավանդական կառավարման համակարգերում, իսկ դա հնարավոր է, երբ ներգրավեն բոլոր շահագրգիռ կողմերին:

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ բաց կառավարում նշանակում է շատ ավելի հաշվետու, ժողովրդավարական սկզբունքներով կառավարում, որը հիմնվում է մարդու իրավունքների, ներառականության, մասնակցայնության և նաև հաշվետվողականության վրա:

«Ես կարծում եմ, որ ՀՀ-ն տպավորիչ ճանապարհ է անցել այս առումով և այս միջոցառումը  նաև վկայությունն է այն բանի, որ մենք բաց կառավարման գլոբալ նախաձեռնության մեջ՝ որպես պետություն, բավականին լավ դիրքերում ենք: Իհարկե, սա չի նշանակում, որ մենք լուծելու խնդիրներ չունենք, այստեղ մենք երկար ու կարևոր աշխատանք ունենք անելու: Որպես նախկինում կառավարության կողմից՝ նախաձեռնության շրջանակում ներգրավված պաշտոնատար անձ, կարող եմ ասել, որ կան հաջողված մի շարք կարևոր նախաձեռնություններ, մասնավորապես՝ իրական շահառուների բացահայտման, մասնակցային կառավարման՝ օրենքների, նախագծերի որոշումների ընդունման հարցում»,- ասաց նա:

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հավելեց, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան իր համար շատ ավելի կարևոր է, որ հատկապես խոցելի խմբերը ներգրավված լինեն իրենց վերաբերվող որոշումների ընդունման գործընթացում:

 


© 2009 ARMENPRESS.am