Բայդենը հայտարարել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը կամրապնդի ՆԱՏՕ-ն

19:58, 19 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան համապատասխանում են ՆԱՏՕ-ին անդամակցելու բոլոր չափանիշներին և վստահություն է հայտնել, որ այդ երկրների անդամակցությունը կամրապնդի դաշինքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ֆինլանդիան և Շվեդիան համապատասխանում են ՆԱՏՕ-ի բոլոր պահանջներին: Հեռավոր հյուսիսում ՆԱՏՕ-ի երկու նոր անդամների առկայությունը կբարձրացնի մեր դաշինքի անվտանգությունը, կխորացնի համագործակցությունը անվտանգության ոլորտում»,- ասել է նա։

Բայդենը Սպիտակ տանը հյուրընկալում է ֆին գործընկեր Սաուլի Նիինիստոյին և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնին, որոնց երկրները ներկայացրել են հայտ ՆԱՏՕ-ին միանալու համար՝ հրաժարվելով երկար տարիների չեզոքությունից՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո:

 


© 2009 ARMENPRESS.am