Ինչպես ՀՀ-ում բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ բերենք խաղաղություն. վարչապետը համախմբման կոչ արեց

13:15, 20 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդավարությունը այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առանցքային գործոնն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ, որ շատ կարևոր երկու հարց կա, որին մենք պետք է պատասխանենք: Առաջինը՝ որքանո՞վ է ժողովրդավարությունը ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի անվտանգությունը  և ինչքանո՞վ է ժողովրդավարությունը ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի ինքնիշխանությունը և անկախությունը: Կարծում եմ, որ երկրորդ հարցի պատասխանը և այդ հարցի պատասխանը ես արդեն տվեցի, որ ժողովրդավարությունը այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առնացքային գործոնն է: Եվ մեր խնդիրն է ապացուցել, որ ժողովրդավարությունը, այո, ի վիճակի է ապահովել երկրի արտաքին անվտանգությունը, այդ թվում՝ երկրի ներքին անվտանգությունը: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել և կարևորել խաղաղության օրակարգը, որը որդեգրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և որի համար մանդատ է տվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Ընդհանրապես, կարծում եմ, որ շատ կարևոր է խաղաղության օրակարգի ձևակերպումը և քննարկումը նաև այն տրամաբանությամբ, որ ի վերջո երկրում առանցքային որոշումները, ինչպես արդեն ասացի, ժողովրդավարության կանոններին համապատասխան, Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով կայացնում է քաղաքացին, շատ կարևոր է, որ մենք ամբողջական և պատշաճ տեղեկատվություն տանք քաղաքացուն, որպեսզի նա իր որոշումների կայացման ժամանակ լինի բավարար չափով տեղեկացված: Ընդհանրապես վերջին շրջանում և շատ հաճախ մենք անդրադառնում ենք խաղաղության օրակարգի հետ առնչվող հարցերին, բանակցային գործընթացներին, պատմությանը: Ոմանք դա մեկնաբանում են, որ բանավեճ է տեղի ունենում նախկին և ներկա իշխանությունների միջև: Դա ամենևին կապ չունի դրա հետ: Եվ մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմը իր պարտքն է համարում քաղաքացիներին բավարար և պատշաճ տեղեկատվություն տալ մեզ հետ տեղի ունեցածի վերաբերյալ, որպեսզի քաղաքացին պատշաճ խորությամբ տիրապետի խնդիրներին և հետագայում նաև կայացնի այն որոշումները, որոնք պետք է կայացնի: Այդ տեղեկատվության վերլուծության հիման վրա է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացին կայացրել այն որոշումները, որոնք կայացրել է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկար տարիներ պայքարել են Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու համար և կատարել են իրենց առաքելությունը՝ չնայած այն դեռ չի ավարտվել:

«Հիմա ժողովրդավարությունն ամրապնդելու համար շատ կարևոր է, որ մենք համախմբվենք մեկ այլ առաքելության շուրջ: Ինչպես Հայաստանի Հանրապետությունում բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բերենք խաղաղություն, որովհետև, կարծում եմ, մեկն առանց մյուսի շատ դժվարությամբ կարող է գոյություն ունենալ: Եվ ես առնվազն կարող եմ ուրախությամբ և հպարտությամբ նշել, որ կա քաղաքական իշխանություն Հայաստանի Հանրապետությունում, որը այս առաքելության շուրջ համախմբած է: Կարծում եմ, որ այս առաքելության շուրջ պետք է համախմբվեն Հայաստանի Հանրապետության բոլոր ժողովրդավարական ուժերը, որովհետև մեկը մյուսի շարունակությունն է:

Սա չի նշանակում, որ մենք պետք է բոլոր հարցերի շուրջ ունենանք միևնույն տեսակետը և տեսլականը, բայց, կարծում եմ, որ այս փուլում չափազանց կարևոր է, որ մենք իրապես անկեղծ,  իրար աչքերի մեջ նայելով, վերլուծենք մեր երկրի վերջին 30 տարվա պատմությունը և կարողանանք սա անել անկեղծության մթնոլորտում, ազնվության մթնոլորտում:  Ժողովրդավարությունը սրա համար ստեղծում է բավարար պայմաններ: Հետևաբար, ժողովրդավարության մեր առաքելության շարունակությունը խաղաղության մեր առաքելությունն է, որը շատ ավելի ծանր, շատ ավելի դժվար և շատ ավելի մեծ ուժ ու կամք պահանջող առաքելություն է: Ես հավատում եմ և համոզմունք ունեմ, որ մենք իրականացնելու ենք այդ առաքելությունը ևս, որովհետև եթե չլինի համոզմունք, չի լինի նաև պատասխանատվությունը վերցնելու և կրելու պատրաստակամություն»,- ընդգծեց Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am