Նախագահ Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ

19:38, 20 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ Յուրի Լևոնի Ջավադյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հեռագրում նշված է. «Վարելով տարբեր պատասխանատու պետական պաշտոններ՝ Ջավադյանը շոշափելի ավանդ է ներդրել Երևանի բարեկարգման և քաղաքային տնտեսության զարգացման գործում, հանրապետության մելիորացիայի և ջրային տնտեսության համակարգի կատարելագործման բնագավառում:

Խորհրդային Հայաստանի փորձառու գործիչն իր բեղմնավոր աշխատանքը շարունակեց նորանկախ հանրապետությունում: Նրան բնորոշ էին համեստությունը, արհեստավարժությունը, պատասխանատվությունը, ուշադրությունը մարդկանց հոգսերի հանդեպ:

Խորապես ցավակցում եմ Յուրի Ջավադյանի ընտանիքին, հարազատների և գործընկերներին»:


© 2009 ARMENPRESS.am