«Դիմադրություն» շարժման մայիսի 20-ին նախատեսված հանրահավաքը չի կայանա եղանակի պատճառով

20:10, 20 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիրները մայիսի 20-ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսած հանրահավաքը չեն անցկացնի:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ Ֆրանսիայի հրապարակից ֆեյսբուքյան իր էջով արած ուղիղ հեռարձակմամբ:

Սաղաթելյանը նախ գոհունակություն հայտնեց օրվա ընթացքում իրականացված անհնազանդության, իրազեկման ակցիաների մասով: «Այն խնդիրները, որ մենք այսօր դրել էինք մեր առջև, ամբողջությամբ կարելի է համարել լուծված»,-հայտարարեց նա:

Ընդդիմադիրներն օրվա ընթացքում տարբեր ակցիաներ են անցկացրել: Նրանք ակցիա են իրականացրել նախագահի նստավայրի առջև, որտեղ հյուրընկալվում էր Լիտվայի նախագահը, նրան դիմավորում էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Ընդդիմադիրները նաև հավաքվել են Երևանում Հանրապետության հրապարակում Արմենիա Մարիոթ հյուրանոցի մոտ, որտեղ անցկացվող Ժողովրդավարության հայկական ֆորումին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Ոստիկանությունը թույլատրեց շենքից ներս մտնել միայն ընդդիմադիր պատգամավորներին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնես Խամոյանը հյուրանոցի միջանցքից սոցցանցում ուղիղ հեռարձակմամբ դժգոհություն հայտնեց, որ իշխանական պատգամավորներին հրավիրել են, իսկ ընդդիմադիր պատգամավորին չեն թույլատրում ներկա գտնվել ֆորումին:

Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել քաղաքացիներ: Ընդդիմադիրները նաև երթով գնացել են դեպի Մատենադարան, որտեղ գտնվելիս է եղել Լիտվայի վարչապետը: Ընդդիմադիրները օրվա ընթացքում իրականացրել են տարբեր անհնազանդության ակցիաներ:

 Ժամը 19:00-ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսված էր հանրահավաք: Սակայն «Ֆեյսբուք»-ի իր էջով ուղիղ հեռարձակմամբ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ հանրահավաքը չի անցկացվելու, փոխարենը մայիսի 21-ին ժամը 18:00-ին են հրավիրում հանրահավաք: Նա հիշեցրեց, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել, որտեղ հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, շատ կարևոր է վաղվա մեր հանրահավաքին ձեր մասնակցությունը: Վաղը 18:00-ին Ֆրանսիայի հրապարակում մենք հրավիրում ենք հերթական մեր հանրահավաքը»,-ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ մայիսի 21-ի հանրահավաքում ներկայացնելու են իրենց պատկերացումները, սկզբունքները, հայեցակարգային մոտեցումները՝ Արցախյան հիմնախնդրի և «երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու, հայանպաստ որոշումների, սկզբունքների մասին»:

«Այսօր, նախ նկատի ունենալով վաղվա ծավալուն աշխատանքները, նաև այս ամբողջ օրվա աշխատանքները ու այս պահին եղանակային պայմանները, մեր քաղաքացիների առողջությունը մեզ համար շատ կարևոր է, մենք հանրահավաքով մեր աշխատանքները չենք ամփոփի: Այս ամենը կթողնենք վաղվա 18:00-ի մեր հանրահավաքին»,-ասաց Սաղաթելյանը:

Նա նշեց, որ քաղաքացիները այդ պահին էլ Ֆրանսիայի հրապարակում վրաններում են, եղանակային պայմանները կարգավորվելուց հետո կշարունակեն շփումները:

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am