Դեսպան Մկրտչյանը կիպրական Financial Mirror-ին է ներկայացրել Հայաստանի վերականգնման հինգ մարտահրավերները

11:15, 22 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ հարցազրույցի հիման վրա կիպրական հեղինակավոր Financial Mirror լրատվականը պատրաստել է «Հայաստանի վերականգնման հինգ մարտահրավերները» վերնագրով հոդվածը։ Հունաստանում ՀՀ դեսպանությունը հոդվածի թարգմանությունը տեղադրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Արմենպրես»-ը ներկայացնում է թարգմանությունն ամբողջությամբ։

«Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած երեք տասնամյակների անկախությունից հետո փոքրիկ Հայաստանը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, և ոչ առանց իր հարևանների թշնամական մտադրությունների պատճառով:

Երկրի հեղինակությունը բարձրացնելու և պատերազմների պատճառով տուժած տնտեսությունը վերականգնելու համար ունենալով սահմանափակ ռեսուրսներ, հարաբերություններն ամրապնդելու և նոր գործընկերություններ կառուցելու համար Երևանն ընտրում է դիվանագիտության ուղին, հատկապես ավանդական դաշնակիցներ Հունաստանի և Կիպրոսի հետ:

«Կան հինգ մարտահրավերներ, և դրանք շատ ակնհայտ են»,- նշում է Աթենքում ՀՀ նոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և ազնիվ լուծումն է։ [2020թ.] Պատերազմում պարտությունից հետո հակառակ կողմում գտնվող ադրբեջանցիները փորձում են շահարկել իրավիճակը, ինչպես նաև՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, բանակցություններում հնարավորինս շատ բան կորզելու համար։

Սա երկու հարթություն ունի` հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման քննարկումների և, ամենակարևորը, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ: Երբ խոսում ենք բանակցություններին վերադառնալու մասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում (որը ներառում է Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան), ուկրաինական հակամարտության հետ կապված այժմ հասկանալիորեն տարաձայնություններ կան, մի կողմում Ֆրանսիան և ԱՄՆ-ն են, մյուս կողմում՝ Ռուսաստանը։

«Մենք մեծ հույս ունենք, որ միջազգայնորեն լիազորված այս ձևաչափը կվերսկսի իր աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում գտնելու ուղղությամբ։ Այնպես որ, այս շրջանակում հակամարտությանն արդար լուծում գտնելու համար բանակցություններին վերադառնալը ամենամեծ մարտահրավերն է», - Financial Mirror-ին տված հարցազրույցում ասաց դեսպանը։

«Երկրորդ, իհարկե, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը անկախ գործընթաց է, և դրա մասին հստակ ասվել է Անկարային։ Թուրքական կողմը ներգրավվել է այս բանակցություններում այն ենթադրությամբ, որ մենք առանց որևէ նախապայմանի գնում ենք սահմանների երկայնքով հարաբերությունների կարգավորմանը»։

Մկրտչյանն ասաց, որ երրորդ ամենամեծ մարտահրավերը «շարունակել հարաբերություններ կառուցել մեր մտերիմ գործընկերների՝ ԵՄ-ի և Արևմուտքի, ԱՄՆ-ի հետ, դաշնակիցների հետ, ինչպիսիք են՝ Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը»: Եվ խորացնել այդ հարաբերությունները։

«Մյուս մարտահրավերը, որը մեզանից կախված չէ, Ուկրաինայում ծավալվող պատերազմն է և դրա բացասական ազդեցությունը տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհի վրա։ Մենք ցանկանում ենք հնարավորինս քիչ կորստով դուրս գալ այս ամենից, հաշվի առնելով այն փաստը, որ Ուկրաինայում ունենք շուրջ 500,000 հայ՝ հակամարտության երկու կողմերում»:

 

Վերածնունդ

Դեսպանը, ում նախորդ նշանակումը Բալթյան երկրներում էր, ասաց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության հինգերորդ հիմնական մարտահրավերը Հայաստանը տնտեսապես վերականգնելն է։ «Այս ամենն ունի որոշակի ներքաղաքական հարթություններ. մենք Հայաստանում բողոքի ցույցեր ենք տեսնում սահմանազատման բանակցությունների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ջանքերի կամ տնտեսության իրավիճակի դեմ։ Որոշներին, ընդդիմությանը դուր չի գալիս, թե ինչպես է իշխանությունը վարում այդ գործընթացները։ Երբ վարչակազմը որոշակի հաջողությունների հասնի այս բոլոր հարթություններում, ներքին իրավիճակը կհանդարտվի»։

Նա ասաց, որ այս հաջողության գրավականը հայկական սփյուռքի կարևոր դերն է։ Ներկայացնելով 3 միլիոնանոց փոքր պետություն` Հայաստանը և նրա դիվանագիտական անձնակազմը մշտապես պետք է հավասարակշռեն իրենց հարաբերությունները։

Դեսպան Մկրտչյանն ասաց, որ իր աշխատանքին օգնում է երեք գործոն.

«Նախ՝ մեր իմիջի հիանալի աջակցությունը. Հայաստանը ժողովրդավարության կղզի է, որը հիմնականում, ոչ ամբողջությամբ, շրջապատված է ոչ այդքան ժողովրդավարական պետություններով։ Հայաստանի ընտրած ճանապարհը՝ շարունակական ժողովրդավարացումն ու բարեփոխումները, մեր արևմտյան գործընկերների կողմից բարձր է գնահատվում։

«Այնուհետև, մենք ունենք մարդկային ռեսուրսներ և գիտական նոու-հաու, տասնամյակների զարգացում, նույնիսկ խորհրդային ժամանակներից, երբ Հայաստանը համարվում էր ԽՍՀՄ Սիլիկոնային հովիտը: Այս նոու-հաուն դեռ կա, և այն ավելի է զարգացել: Մենք բազմաթիվ հաջողություններ ենք գրանցում տարբեր ոլորտներում, առաջին հերթին՝ ՏՏ ոլորտում։ Եվ երրորդն այն է, որ հայերը «համաշխարհային ազգ» են, որոնց սփյուռքն ավելի մեծ է, քան Հանրապետությունում է»։

«Անկախության այս երեք տասնամյակների ընթացքում մենք ուղիներ ենք փնտրել մեր սփյուռքի հետ օրինակելի համագործակցության բանալին գտնելու համար: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Ակնհայտ է, որ ես չեմ ուզում համեմատել մեզ ամուր և բարձր ինստիտուցիոնալ կապերի հետ, որոնք Իսրայելն ու Հունաստանն ունեն իրենց համապատասխան սփյուռքների հետ, բայց ռեսուրսն առկա է: Ելնելով այս երեք գործոններից՝ կարծում եմ, որ Հայաստանը հաջողության, վերածնվելու հնարավորություն ունի այն աղետալի պատերազմից, որին ականատես եղանք 2020 թվականին»։

 

Դեպի ծով ելք չունեցած

Շրջապատված լինելով թշնամական Թուրքիայով և Ադրբեջանով, իսկ հարավում՝ Իրանով, դեպի ծով ելք չունեցող Հայաստանը դարավոր կապեր է ունեցել Կովկասի իր հյուսիսային հարևանի հետ, որոնք հաճախ համարվում են եղբայրական, երբեմն նաև մրցակցային:

«Բացի ընդհանուր պատմությունից, Վրաստանն ու Հայաստանը ունեն ընդհանուր արժեքներ և համոզմունքներ։ Մենք նաև ընդհանուր մոտեցումներ ունենք մեր ժողովրդավարական ապագայի վերաբերյալ: Եվ սա ահռելի ռեսուրս է, որի վրա հենվում են երկու կառավարությունները, ինչը վկայում է վերնախավերի միջև վստահության մասին»:

«Միանշանակ, Վրաստանի հայ համայնքը մեծ դեր է խաղում երկու ուղղափառ քրիստոնյա ժողովուրդների ցանկացած մերձեցման գործում։ Մենք միասին ենք նաև Եվրոպական միության Արևելյան գործընկերության համագործակցության շրջանակներում. շատ ընդհանուր բաներ կան, որ մենք կիսում ենք: Տնտեսական առումով հարավից հյուսիս, հարավից Եվրոպա երթուղիները հաշվի են առնում, որ Հայաստանը կարող է լինել այլընտրանքային առևտրային ճանապարհ, և այդ երթուղին անցնում է Վրաստանով։ Ուստի Վրաստանը վճռորոշ դեր ունի նաև Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Մենք պետք է հասկանանք այս աշխարհատնտեսական դերը»։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Վրաստանի հետ հարաբերությունները խորացել են. հուսով եմ, որ մեր եղբայրության առաջխաղացման համար խոչընդոտներ չեն լինի, քանի որ մենք նախընտրում ենք մեր հարաբերությունները «եղբայրական» կոչել»:

Դեսպան Մկրտչյանն ասաց, որ Թբիլիսին 20-րդ դարի սկզբի Կովկասի ինտելեկտուալ կենտրոնն էր։ Այնտեղ էր, որ 1918 թվականին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, իսկ Հայաստանի առաջին կառավարությունը ստեղծվեց և որոշ ժամանակ գործում էր Թբիլիսիից։

«Թբիլիսին մեզ համար Երևանից հետո երկրորդ կարևոր քաղաքն է».

 

Բաց վերք

Բայց Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը բաց վերք է թողել ողջ հայության մեջ, հատկապես կապված մեծ թվով կարուստների և գերիների հետ, որոնք Ադրբեջանը գերեվարել է և հրաժարվում հանձնել նրանց մի մասին:

«Ըստ Ադրբեջանի՝ նրանք ռազմագերի չեն։ Արևմուտքի կողմից այս մեկնաբանությունը չի ընդունվում։ Դա ոչ մեկի կողմից չի ընդունվում, և նրանք պետք է հնարավորինս շուտ վերադարձվեն»,- ասաց Մկրտչյանը։

«Մինչ մենք խոսում ենք, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն արեց, որտեղ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ հիշեցրեց ձերբակալվածներին վերադարձնելու անհրաժեշտության մասին։ Հայտարարությունը վերաբերում է «վերջին դրական զարգացումներին և ապագա կոնկրետ քայլերին Հարավային Կովկասում խաղաղության ճանապարհին, ներառյալ սահմանագծումը, տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացումը և մնացած հայ կալանավորների ազատումը: Սա մեր օրակարգի ամենակարևոր հարցերից մեկն է։

«Հավանաբար, Հայաստանի իշխանությունն ամեն օր բացեիբաց չի խոսում այս մասին, քանի որ երբեմն մեր մտադրությունների հրապարակայնացումը կարող է անպայման նույն արդյունքն ու ազդեցությունը չունենալ։ Դիվանագիտությունն անպայմանորեն չի նշանակում գաղտնիություն. Քանի որ հանրային հաղորդակցության միջոցները երբեմն օգտագործվում են որոշակի արդյունքի հասնելու համար, ուստի դիվանագիտությունը նույնպես ունի աշխատանքի այս տարրերը, նաև գաղտնիության, և երբեմն նաև հրապարակայնորեն աշխատելու կողմը»:

Մկրտչյանն ասաց, որ Հայաստանի դեսպան լինելը մարտահրավեր է, և դա պահանջում է եռակի կամ քառակի ջանքեր, քան սովորական այլ դեսպանական աշխատանքը։

«Աշխատանքը պետք է կազմակերպվի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ արդյունքներով: Եվ հաշվի առնելով հայկական սփյուռքի ռեսուրսներն ու ներուժը»։

 

Սփյուռքի հետ առողջ հարաբերություններ

«Ես բախտավոր եմ եղել իմ նախկին պաշտոնում Բալթյան երկրներում, իսկ այժմ Հունաստանում և Կիպրոսում, որտեղ մենք առողջ հարաբերություններ ունենք սփյուռքի խմբերի հետ: Ես դա ի վերուստ տրված չեմ համարում և կշարունակեմ մեծ ջանքեր գործադրել՝ սփյուռքի մեր ներկայացուցիչների հետ առողջ և արդյունավետ համագործակցություն պահպանելու համար»։

Աջակցության համար դեսպանն ասաց, որ Հայաստանը դիմել է պատվավոր հյուպատոսությունների հիմնադրմանը՝ Սալոնիկում և Լիմասոլում։

«Մենք դա արել ենք նաև իմ նախորդ պաշտոնավարման ընթացքում: Մենք պատվավոր հյուպատոսություն բացեցինք Լիտվայի Կաունաս քաղաքում, և ես սկսեցի պատվավոր հյուպատոս նշանակելու գործընթացը նաև Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։ Դա չափազանց օգտակար է, քանի որ դա նման է խոշոր քաղաքում գրասենյակ ունենալուն: Բայց հիմնական նպատակը տնտեսական դիվանագիտությունը խթանելու գործում դեսպանությանն աջակցելն է։ Մենք դեռ այդքան տնտեսական կցորդներ չունենք, միայն մի քանի մայրաքաղաքներում: Մեզ բոլոր մայրաքաղաքներում անհրաժեշտ է ավելի մեծ տնտեսական ներկայություն»։

Անդրադառնալով Աթենքի հետ ջերմ հարաբերություններին՝ Մկրտչյանն ասաց, որ Ադրբեջանից բնական գազի Տրանսադրիատիկ գազատարի (TAP) բացումը չի վնասել Երևանի հետ Հունաստանի կապերին։

«TAP-ը չի կարող փոխարինել Ռուսաստանի կողմից Եվրոպային տրամադրվող գազի ծավալը։ Այն չունի այդ ֆիզիկական կարողությունը. դա այլընտրանքներից մեկն է: Առաջինը, կա չափազանցվածություն TAP-ի կարողությունների և ադրբեջանական գազի պաշարների կարողությունների վերաբերյալ: Երկրորդ, դա բազմազգ նախագիծ է. այն պատկանում է մի քանի ընկերությունների և պատրաստվում է անցնել մի քանի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի տարածքով: Հունաստանը չի դառնում կախված և չի կարող կախվածություն ունենալ ադրբեջանական բնական գազից։ Եվ երրորդ, այն փաստը, որ դուք գնում եք որոշակի քանակությամբ և ոչ մեծ քանակությամբ էներգառեսուրսներ որևէ երկրից, չի խանգարում ձեզ խոսել այդ երկրում մարդու իրավունքների չարաշահման, ժողովրդավարության պայմանների մասին կամ շարունակել աջակցել ձեր պատմական ամենամոտ բարեկամներից մեկին՝ Հայաստանին: Մենք պետք է հասկանանք այս բաները»։

«Երբ մենք տեսնում ենք ադրբեջանական քարոզչական խաղը, թե «մենք ձեզ ենք տալիս TAP, հետևաբար մենք ձեր ընկերներն ենք, և դուք մեզ չպետք է քննադատեք», այս տրամաբանությունը չափազանց պարզունակ է, և այն չի աշխատի։ Չեմ կարծում, որ TAP-ի առումով նման համագործակցությունը կլինի Հունաստան-Հայաստան համագործակցության և բարեկամության գնով։ Ավելին, մենք բարձրացնում ենք Հունաստանի և Հայաստանի հարաբերությունների մակարդակը, և հուսով ենք, որ մոտ ապագայում կունենանք արդյունքներ»»։


© 2009 ARMENPRESS.am