«Ասպետական ռապսոդիա» ներկայացմամբ եզրափակվել է «Արմմոնո» միջազգային փառատոնը

15:08, 23 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը, որը 2022 թվականին տոնում էր 20-ամյակը, եզրափակվել է Սամվել Բաղինյանի «Ասպետական ռապսոդիա» ներկայացմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիսատեսն այն դիտելու հնարավորություն է ունեցել Հայաստանի թատերական գործիչների միությունում:

«Սա մի պատմություն է երախտամոռության և հյուրընկալության օրենքների խախտման մասին, երբ հանկարծահաս կիրքը կարող է հաղթել բանականությանը, և մարդը հետագա ողջ կյանքում կարող է զղջալ իր րոպեական թուլության համար»,-նշել է Բաղինյանը:

2022-ին «Արմմոնո» փառատոնն անցկացվել է մայիսի 17-21-ը Երևանում:  Փառատոնի ծրագրում ներառված են եղել բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոդոկ: Մասնակցել են դերասաններ, ռեժիսորներ, թատերական գործիչներ Հունաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Լիտվայից, Վրաստանից, Ալբանիայից, Ուզբեկստանից: Ցուցադրվել է 27 մոնոներկայացում:


© 2009 ARMENPRESS.am