Վահրամ Դումանյանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի ծննդյան 75- ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել
15:16, 23 Մայիս, 2022ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի առթիվ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձի մեջ, մասնավորապես, նշված է.
«Սիրելի՛ մաեստրո,
Թո՛ւյլ տվեք շնորհավորել Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ:
Ձեր արվեստն իր անմիջականությամբ և բարձր կատարողականությամբ խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Շուրջ հինգ տասնամյակ շարունակվող ազգանվեր գործունեությամբ Դուք նվաճել եք խստապահանջ ունկնդրի սերն ու համակրանքը ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում: Դուք ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի այն ներկայացուցիչներից եք, ում կյանքն ու գործունեությունը հայ երաժշտարվեստին անմնացորդ նվիրումի փայլուն դրսևորումներից են:
Դուք նաև փայլուն մանկավարժ եք, որն իր ուժն ու եռանդը չի խնայում նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում` շարունակելով երիտասարդ արվեստագետներին փոխանցել կուտակած փորձն ու գիտելիքները:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և ստեղծագործական անսպառ ներշնչումներ»:
© 2009 ARMENPRESS.am